Բանակային ըմբիշները հայրենիք են վերադառնում 7 մեդալով


Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում ավարտվեց բանակայինների ըմբշամարտի աշխարհի 29-րդ առաջնությունը։ Մրցաշարի եզրափակիչ օրը մեդալներ խաղարկվեցին 80, 85, 98 և 130 կգ քաշային կարգերում։
Հայաստանի պատվիրակներից մրցագորգ ելավ 85 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը: Նա 1/8-րդ եզրափակչում 9:0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի պատվիրակ Սերգեյ Սեւերինի, իսկ 1/4 եզրափակչում՝ 5 րոպե 43 վայրկյանում մաքուր հաղթանակ տոնեց ղազախստանցի Անդրեյ Սամոխինի նկատմամբ։
Ցավոք՝ կիսաեզրափակչում Մաքսիմը 0:4 հաշվով զիջեց Լեհաստանի ներկայացուցիչ Դամյան Յանիկովսկուն: 3-րդ տեղի համար գոտեմարտը Մանուկյանը շատ վստահ անցկացրեց և բացահայտ առավելությամբ՝ 12:0 հաշվով պարտության մատնեց ալժիրցի Ադեմ Բուջենլինին և արժանացավ բրոնզե մեդալի։
Ընդհանուր առմամբ հայ ըմբիշները բանակայնինների աշխարհի առաջնությունում նվաճեցին 7 մեդալ, որոնցից 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե։