Քաղաքական

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դատապարտել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը։ Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուպերտ Քոլվիլը հայտարարել է, որ «իրենց տեղեկացրել են, որ «Իսլամական պետությունը» սեպտեմբերի կեսերին կարևոր հայկական եկեղեցի է ոչնչացրել Սիրիայում՝ Դեր Զորում:«Մենք դատապարտում ենք եկեղեցու և այլ կրոնական հաստատությունների ոչնչացումը»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաև նշվում է, որ դա բնորոշ է խմբավորման գործունեությանը, որի գրոհայինները Հյուսիսային Իրաքում մզկիթներ, սրբավայրեր և եկեղեցիներ են պայթեցնում:

Ինչպես նշվում է հայտարարությունում, Սիրիայում ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ հակակառավարական զինված խմբերի վարքը շարունակում է կրոնական և հնագիտական վայրերի ոչնչացման հանգեցնել: Նշվում է, որ այս տարի ավելացել են հակակառավարական զինված խմբերի հարձակումները կրոնական հաստատությունների վրա, ներառյալ՝ Սիրիայում գտնվող եկեղեցիների: «Կրոնական հաստատությունները հատուկ պաշտպանության տակ են առնված միջազգային մարդասիրական օրենքով և պետք է հարգվեն և պաշտպանվեն բոլորի կողմից»,- ասված է հայտարարության մեջ:

1991թ.-ին կառուցված այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեր Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։

Ցուցադրել ավելի
Back to top button