Հասարակություն

Դեսպան Սարգսյան.«Հայաստանը երախտապարտ է ամերիկյան կառավարությանը մշտապես իր կողքին լինելու համար»

Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Լոս Անջելես:

ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդների, հայկական կազմակերպությունների ղեկավարների և անդամների` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը և ամերիկահայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ:

Նույն օրը՝ երեկոյան, դեսպան Սարգսյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, համայնքային կառույցների ղեկավարների, հասարակական-քաղաքական, կրոնական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների, Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագետների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Իր խոսքում դեսպան Սարգսյանը ներկաներին շնորհավորել է Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության կերտումը ոգեշնչվեց և ոգեպես սնուցվեց 1918-1920թթ. մեր առաջին հանրապետությունից: Դեսպանը շեշտել է, որ չլինեին այդ հերոսական տարիները, չէր լինի նաև այսօրվա անկախությունը: «Չլիներ մեր նախնինների զոհողությունը, որոնք արյան և անասելի զրկանքների գնով պահպանեցին մեր հայրենի երկրի այդ հողակտորը, հնարավոր չէին լինի նաև այսօրվա նվաճումները»,-ասել է դեսպանը:

Դեսպան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախության ուղին հարթ չի ընթացել: Սակայն Հայաստանը մշտապես հաստատակամ է եղել շուկայական տնտեսության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա հիմնված ժողովրդավարական պետության կառուցման գործում: «Այս առումով առանցքային նշանակություն ունի Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, և մենք երախտապարտ են ամերիկյան կառավարությանը մշտապես Հայաստանի կողքին լինելու համար», — նշել է դեսպանը:

Տիգրան Սարգսյանը նաև բարձր է գնահատել Սփյուռքի դերակատարությունը հայոց պետականության կերտման գործընթացում. «Անուրանալի է հատկապես Ամերիկայում ապրող մեր հայրենակիցների դերն ու նշանակությունը մեր ունեցած բոլոր հաղթանակներում ու նվաճումներում: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորը երախտագիտության խոսքեր հայտնել Ձեզ և կոչ անել մշտապես կանգնել Հայաստան պետության կողքին և էլ ավելի ընդլայնել Ձեր մասնակցությունն ու ներդրումը հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում: Մենք համոզված ենք, որ մեր գործն արդար է, և Հայաստանի և Սփյուռքի համատեղ ու համակարգված ջանքերով կկարողանանք հաջողությամբ հաղթահարել բոլոր մարտահրավերները և առավել հզորացնել մեր հայրենիքը»,- ընդգծել է դեսպան Սարգսյանը:

Այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը հանդիպել է նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հետ: Կոնգրեսական Շերմանը շնորհավորել է դեսպան Սարգսյանին՝ ԱՄՆ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ վերահաստատելով իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու իր սերտ համագործակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ:

Կողմերը քննարկել են Կոնգրեսի Հայաստանի հարցերով խմբի օրակարգի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, արցախյան հիմնախնդրի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button