Հասարակություն

Դատավճռից որևէ ակնկալիք չունենք, ասում է Շանթ Հարությունյանի կինը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավարությունը դատական առաջին ատյանում՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մոտենում է ավարտին: Գործը դատական վիճաբանությունների փուլում է: Հոկտեմբերի 15-ին նշանակված նիստի ընթացքում ամբաստանյալների վերջին խոսքը լսելուց հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Մեղադրողը, հիշեցնենք, Շանթ Հարությունյանի և ընկերների գործով 4-8.5 տարվա ազատազրկում է պահանջել:

Դատավճռից որևէ ակնկալիք չունենք՝ ասում է  Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը: Նա և գործով անցնող մյուս 13 քաղաքացիների կանայք ու հարազատներն այսօր խոսել են  դատավարության ընթացքի մասին, ներկայացրել իրենց բողոքն ու անհամաձայնությունը, նաև   նշել, որ բոլոր ակնկալիքները կապում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ: Կանայք համոզված են՝ Շանթ Հարությունյանն ու ընկերները քրեական հանցագործներ չեն և դատապարվում են քաղաքական հայացքների համար:

«Բոլորս նույն դիրքորոշումն ունենք: Ասել, թե դատավճռից մեծ հույսեր ունենք, սուտ կլինի: Սա դատավարություն էր, որտեղ թե տուժողները, թե վկաները միայն ոստիկաններն էին:  Մինչդեռ հենց ոստիկաններն են իրենց գործողություններով սադրել ու խաղաղ երթը վերածել բախման»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button