ՀասարակությունՔաղաքական

Հայ խաղաղապահները կմեկնեն Լիբանան

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայ խաղաղապահները առաջիկայում կավելացնեն իրենց առաքելության աշխարհագրությունը: Խորհրդարանը վավերացրել է այս տարի Հայաստանի եւ Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջեւ կնքված համաձայնագիրը: Ըստ այդմ, առաջիկայում հայ խաղաղապահները կմեկնեն նաեւ Լիբանան: Սա միջազգային երրորդ խաղաղապահ ծրագիրն է, որին մասնակցելու է Հայաստանը:

30 հոգանոց զորախումբ Հայաստանից կմեկնի Լիբանան այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականցնելու համար: Մինչ այժմ հայ խաղաղապահները մասնակցել են ՆԱՏՕ-ի շրջանակում երկու ծրագրի. Գերմանիայի հետ համագործակցելով՝ Իրաքում եւ Հունաստանի հետ համագործակցելով՝ Կոսովոյում: Լիբանանում հայ զինվորականները կաշխատեն ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով Հունաստանի զինված ուժերի հետ: Ի դեպ՝ Հայաստանին մեկ անգամ արդեն առաջարկվել էր միանալ այս առաքելությանը, բայց այն ժամանակ Հայաստանը հրաժարվել էր:

Այս պահին ունենք միջազգային առաքելություններին մասնակցող 121 խաղաղապահ: Ի դեպ՝ մեր հարեւաններից Վրաստանն ու Ադրբեջանը ընդհանրապես չեն մասնակցում ՄԱԿ-ի շրջանակներում կազմակերպվող խաղաղապահ առաքելություններին: Ընդհանրապես ՄԱԿ-ը աշխարհում իրականացնում է 17 խաղաղապահ առաքելություն եւ Հայաստանը դառնում է 38-րդ պետությունը, որ միանում է այդ առաքելություններին: Այս պահին Հայաստանի համար հատկապես կարեւոր է աշխատել Լիբանանում, կարծում է Աժ-ի  պաշտպանության, ազագային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նմանատիպ ծրագրերն ունենում են նաեւ կարեւոր ռազմական նշանակություն, բարձրացնում են Հայաստանի պատիվն ու դերը միջազգային հանրության մոտ: Ահա այսպիսի կածիքներ էին հնչում խորհրդարանում քննարկումների ժամանակ:

Ավելացնեմ, որ այս առաքելությամբ հայ խաղաղապահների վրա պարտավորություն է դրվելու Լիբանանի հարավում գտնվող Շալմա, Իթալբաթ եւ Ալ Մանսուրի բնակավայրերում տեղակայված ՄԱԿ-ի երկու բազաների անվտանգության եւ պահպանության խնդիրը: Վերջում ավելացնեմ, որ հայ խաղաղապահների առաքելությունները սովորաբար կայուն են. Ամբողջ պատմության մեջ ընդամենը մեկ արտակարգ դեպք է պատահել:

Ցուցադրել ավելի
Back to top button