Իմունոգենետիկայի և փոխպատվաստման ոլորտի մասնագետները` Երևանում


«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում անց է կացվել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովը, որին մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
«Այս գիտաժողովը մեզ համար նշանակալի իրադարձություն է` հաշվի առնելով, որ Հայաստանում ավելի քան 15 տարի է, գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը»: Այն հաջողությունները, որ ձեռք են բերվել այս կազմակերպության մեր մասնագետների կողմից, հույս են ներշնչում, որ Հայաստանը երբևէ կդառնա տարածաշրջանային կենտրոն»,-բացման խոսքում նշել է նախարարը:
Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի (EFI) նախագահ, Ավստրիայից ժամանած Գաթֆրիդ Ֆիշերը կարևորել է նման գիտաժողովների անցկացումը` շեշտելով, որ մեծ է 1970 թվականից գործող ֆեդերացիայի ներդրումը իմունոգենետիկայի ոլորտի կենտրոններին ու մասնագետներին համախմբելու գործում:
Պարբերական ժողովների միջոցով կառույցը ձգտում է համագործակցություն հաստատել, հավատարմագրել եվրոպական ստանդարտներին համապատասխանող լաբորատորիաները և ստեղծել մասնագիտական, տեղեկատվական և փորձի փոխանակման ցանց:
Արմեն Մուրադյանը նշել է, որ իմունոգենետիկայի և փոխպատվաստման ոլորտում Հայաստանը ակնառու հաջողություններ է գրանցել:
«Հենց այդ հաջողություններն են հիմք հանդիսացել Երևանում նման հավաքի կազմակերպման համար, որպեսզի ի մի բերվեն բոլորի ձեռքբերումները, քննարկվեն ծրագրերը»,-ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ոլորտում անցած մեծ ճանապարհը հնարավորություն է տալիս Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն:
Նախարարը նաև նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով արդիականացվում է։ 2016 թվականին այստեղ կստեղծվի ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին բաժանմունքը։