Էրդողանը ապրիլի 24-ին կբարձրանա Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ կդնի անմեղ զոհերի հիշատակին, համոզված է Սարգիս Հացպանյանը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ի՞նչ կարող է փոխվել հայ-թուրքական հարաբերություններում և արդյոք իրատեսական է ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Հայաստան:
Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՄԱԿ-ում հնչեցված հայտարարության տրամաբանության շրջանակում, կարծում է թուրքագետ Լևոն Հովսեփյանն ու ավելացնում` ՄԱԿ-ի ամբիոնից ելույթը տապալված գործընթացների վերաբերյալ ուղերձ էր միջազգային հանրությանը: Որն էլ հայկական կողմի տրամաբանական քայլերի սկիզբ կարելի է համարել: Իսկ այն, որ արձանգրությունների հետկանչումը ընդունելի չի լինի միջազգային հանրության համար, թուրքագետն այդ կարծիքին չէ:
ՄԱԿ-ի ամբիոնից նման հարցը հնչեցնելը կարևորում է տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանն ու նշում՝ Սերժ Սարգսյանի ուղերձը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի դիրքորոշումը փոխելու ուղերձ էր: 2015 թվականին մնացել են ամիսներ և Հայաստանը պետք է հանդես գար ինչ որ նախաձեռնությամբ: Սա էր հենց այդ նախաձեռնությունը: Փորձագետը չի կիսում այն կարծիքը, որ արձանագրությունների ետկանչումը թուրքական խորհրդարանից բացասական կընդունվի միջազգային հանրության կողմից:
Իսկ Թուրքիայի դիրքորոշման հարցում փոփոխությունները բացառում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը և հայտարարում` Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի կողմից տարբեր սցենարների, որոնց իրականացման դեպքում, թուրքագետի ձևակերպմամբ, Հայաստանը պետք է ծրագրի քայլեր Անկարայից հետագայում մանևրելու համար: Հստակ ժամանակ չի կարող նշել, բայց կանխատեսում է, որ զարգացումները կլինեն ապրիլի 24-ից առաջ: Իսկ Էրդողանի այցը Հայաստան բացառում է և նշում հրավերն անպատասխան չի թողնվի, սակայն այն չի լինի նախագահի կամ էլ արտգործնախարարի մակարդակով:
Իսկ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան իրատեսական է համարում Սարգիս Հացպանյանը և կարծում, որ Թուրքիան իր քաղաքական գործիչներից կազմված պատվիրակությամբ ապրիլի 24-ին կայցելի Հայաստան և ծաղիկներ կդնի Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Երևան գալը, բարձրացումը Ծիծեռնակաբերդ, որն ինքնին որևէ բան չի նշանակում, բայց դրանով իրենք այս 100-ամյա այս ամբողջ իրադարձության, այս մեծ ցավի, մարդկության դեմ գործած հանցագործության բոլոր դափնիները պետք է գրպանեն պարզապես քողի կարգավիճակով և աշխարհը պետք է մատնացույց անի հումանիստ Թուրքիա, մարդասեր Թուրքիա: Տեսնում եք թուրքերն ինչպես փոխվեցին, հայ ազգի ցավը նունպես իրենց համար զգալի է: Պետական մակարդակով մարդիկ Ծիծեռնակաբերդ բարձրացան, բայց լինել Ծիծեռնակաբերդում դա բոլորովին չի նշանակում ընդունել Ցեղասպանությունը»:
Թե դրանից հետո հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ հարթություն կտեղափոխվեն, կանխատեսելը դեռ վաղ է: Սակայն մի բան է պարզ, որ մեր դիվանագիտական կորպուսը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Թուրքիան չկարողանա ոչ մի կերպ մեր ցավն արտահայտող իրադարձությունը ներկայացնի ի շահ իրեն, եզրափակեց տարածաշրջանային փորձագետը: