Հասարակություն

Բերքի տոն Արմավիրում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին և այսօր Արմավիրի մարզում նշվում է բերքի տոն:  Ցրտահարության և սակավաջրության տարում մարզի գյուղացիական տնտեսություները  համառ աշխատանքի  շնորհիվ ապահովեցին  միջինից բարձր տոկոսի բերքատվություն, թեև ամռան շրջանում ոռոգման ջրի սղությունը էապես չի ազդել  բերքատվության վրա: Այս տարի խաղողի տեխնիկական սորտի մթերման գծով սահմանվել է ռեկորդայյին ցուցանիշ:

 

Տարվա ցրտահարությունն ու  ոռոգման ջրի սակավությունը փոքրիշատե անդրադարձավ բերքատվության  վրա, սակայն Արմավիրի մարզում գյուղացիները  տքնաջան աշխատանքի շնորհիվ ստացան  որոշակի քանակությամբ բերք, ըստ որի մարզում  գյուղմթերքների  համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կհասնի  մոտ  15 տոկոսի:  Արմավիրի տարածքի Այգեշատ համայնքում մշակվում են բազմատեսակ պտղի այգիներ ու բանջարեղեն: Ցուրտն ազդել էր  միայն ծիրանի, կեռաասի ու վաղահաս խաղողի վրա: Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյան չդժգոհեց տարվանից և նշեց, որ հաղթահարելով դժվարությունները, լավ են փակում տարին, միայն խաղողի սեղանի սորտերի իրացման դժվարություններ ունեն:

Ակնալճում  էլ  կարողացել են մշակել տեխնիկական սորտի խաղող,  սոխ, ծիծակ, բանջարեղեն, ոռոգման ջրի հետ կապված խնդիրները կարողացել են լուծել, ըստ Ակնալճի համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանի  հուսադրողն այն է, որ կարկտահարություն չի եղել, իսկ  իրենց հողերի ոռոգման փրկությունը Սևանա լիճն է եղել:

Քաղաքի հրապարակում բացված սեղաններում տեղ էին գտել ազգային ուսեստները՝  խորովի, թանապուր, խորոված, խաշլամա, տնական ոգելից խմիչքներ  և այլն:  Մարզի Ապագա համայնքը սովորաբար տարբերվում է իր մտահղացմամբ, սասունցիները բաջարեղենից  ստացել էին ծիծեռնակաբերդի մանրակերտը: Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը հավելեց, որ այժմ Անդրանիկ զորավարի և Գևորգ Չաուշի հուշարձանը պատկերված է տորթի տեսքով, սակայն շուտով կտոնեն իրական  հուշակոթողի բացումը: Գյուղապետի խոսքերով տարին իրենց վրա վատ չի անդրադարձել, քանի որ ունեին խորքային հորեր և ոռոգումը կազմակերպել են նորակառույց  պոմպակայանի  ու ջրատարների միջոցով, իսկ հաջորդ տարում նույնպես սպասվում է խորքային 2 հորի հորատում:

Արմավիրի բերքի տոնին մասնակցում էր նաև գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ով հերթով մոտենում էր համայնքների սեղաններին ու շնորհավում նրանց լավ բերք աճեցնելու համար:  Նախարարի խոսքերով՝ տարվա սակավաջրությունը էապես չի ազդել բերքատվության վրա, որովհետև խորքային հորերի և Սևանի  միջոցով կարողացել են լրացնել ջրի պակասը:

Արմավիրի մարզում այս տարի գրանցվել է խաղողի մթերման ռեկորդային ցուցանիշ, որի մասին գոհունակությամբ նշեց  մարզպետ Աշոտ Ղահրամանյանը.  «23 տարվա պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը եղել 59 հազար տոննան, իսկ այս տարի մթերել են 68 հազար տոննա խաղողի տեխնիկական սորտ, որը 18 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա մթերման քանակից»:

Խաղողի սեղանի սորտի իրացման հետ կապված գյուղնախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ բերքահավաքը դեռ չի ավարտվել և խնդիրները կլուծվեն քանի որ Ռուսաստանում ավելացել են արտահանման ծավալները, իսկ ինչ վերաբերում է աշնանացանին, ապա այդ նպատակով  ոռոգումը կկակզմակերպվի միայն խորքային հորերի միջոցով և Սևանից ջուր բաց չի թողնվի:

Ցուցադրել ավելի
Back to top button