Քաղաքական

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Սերբիա

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իրինեյի, նախօրեի հանդիպմամբ, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցելությունը Սերբիա։ Սերբիայի պատրիարք Իրինեյը ասել է, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում՝ երկու երկրների համագործակցության զարգացման համար։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի արտգործնախարարն ու Սերբիայի Պատրիարքը կարևորել են Հայ Առաքելական Եկեղեցու և Սերբ Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները։ Հանդիպմանը անդրադարձ է արվել բալկանյան տարածաշրջանի զարգացումներին։ Սերբիայի Պատրիարքը խնդրել է իր բարեմաղթանքները և եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին։ Բելգրադում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սերբիայի Նախագահը նշել է, որ սերբ և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ-սերբական հարաբերությունները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Նախագահ Նիկոլիչին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները և վստահություն հայտնել, որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցելությունը Երևան նոր խթան կհանդիսանա՝ երկու երկրների համագործակության ընդլայնման և խորացման համար։ Զրույցի ընթացքում ընդգծվել է երկուստեք պատրաստակամությունը՝ նոր լիցք հաղորդելու հայ-սերբական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով։ Հանդիպմանը կարևորվել է Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը։ Նախագահ Նիկոլիչը և նախարար Նալբանդյանը մտքեր են փոխանակել՝ մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Բելգրադում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին, որի հետ քննարկել է տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։

Սերբիայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն ընդծեել են, որ փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ գոյություն ունի և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է աշխուժացնել առևտրատնտեսական կապերը, ակտիվացնել գործարարների միջև կապերը, խրախուսել փոխադարձ ներդրումները, զարգացնել փոխգործակցությունը՝ տուրիզմի, գիտության, առողջապահության բնագավառներում, որակապես նոր մակարդակի բարձրացնել երկկողմ համագործակցությունը։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ շփումների խթանմանը։ Նախարար Նալբանդյանը Սերբիայի վարչապետին Հայաստանի կառավարության ղեկավարի անունից հրավիրել է այցելել Հայաստան։

Սերբիայի կառավարության ընդունելությունների տանը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի բանակցությունները։ Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իվիցա Դաչիչը եղբայրական բնորոշել է Հայաստանի և Սերբիայի՝ պատմության փորձությունն անցած հարաբերությունները և ընդգծել, որ Հայաստանի արտգործնախարարի այցելությունը լավ հնարավորություն է՝ երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար։ Շնորհակալություն հայտնելով Բելգրադ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված Է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ համակրանքի վրա: «Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը` առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում, զարգանալու լուրջ ներուժ ունեն, և մենք ցանկանում ենք լրացուցիչ ջանքեր ներդնել` մեր փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ»,- ասել է նախարար Նալբանդյանը։

Նախարարներն անդրադարձել են Սերբիայի Նախագահի` Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին: Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկել են իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի խորացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը։

Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները` երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ։ Նախարար Դաչիչը տեղեկացրել է Երևանում Սերբիայի դեսպանություն հիմնելու մտադրության մասին, ինչին ի պատասխան՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կփոխադարձի այդ քայլին։ 2015թ. ԵԱՀԿ-ում Սերբիայի գալիք նախագահության համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել կազմակերպության օրակարգային խնդիրների շուրջ:

Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցերի: Նախարար Դաչիչը ներկայացրել է բալկանյան տարածաշրջանի խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ Սերբիայի մոտեցումները։ Նախարար Նալբանդյանը սերբ գործընկերոջը ներկայացրել են Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նախարար Դաչիչը վերահաստատել է Սերբիայի սկզբունքային դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի աջակցության և նրանց կողմից առաջարկված սկզբունքների և տարրերի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը սատարելու վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Կոսովոյի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը և ողջունել փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն միտված Բելգրադի ու Պրիշտինայի միջև ընթացող երկխոսությունը: Նախարար Վուչիչը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա շնորհակալություն է հայտնել՝ Կոսովոյում հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գործընկերոջը հրավիրել է այցելել Երևան։

Հանդիպումից հետո Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միրյանա Միլոսլավլյեցիչը ստորագրել են ՀՀ ԱԳՆ Դիվագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր։ Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Սերբիայի Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Իվան Մրկիչի հետ։ Զրուցակիցները, վերհիշելով ս.թ. մարտին Երևանում կայացած հանդիպումը, գոհունակություն հայտնեցին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն իրականացվում են։ Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է Սերբիայի Ազգային ժողովում, ուր հանդիպել է Խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Մարցինկովիչի և Հայաստան — Սերբիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալեքսանդր Չոդրիչի հետ։

Հանդիպմանը կարևորվել է միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը, և քննարկվել միջորհրդարանական շփումների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության սերտացման ուղիները։ Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակիցներին հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը։ Նույն օրը՝ երեկոյան, ավարտելով այցելությունը, Հայաստանի արտգործնախարարը ուղևորվել է Երևան։

Ցուցադրել ավելի
Back to top button