Թեհրանն անհանգստացած է Սիրիայում թուրքական ռազմական հնարավոր գործողություններից


Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիայի Քոբանի քրդաբնակ բնակավայրը պաշտպանելու համար, թուրքական ATV հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ «Մենք պաշտպանելու ենք այնտեղ բնակվող մեր քուրդ եղբայրներին, սակայն դա քրդական հարցի կարգավորման հետ չպետք է կապել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ թուրք օրենսդիրները հաստատել են թուրքական զինուժը Սիրայում և Իրաքում օգտագործելու մասին որոշումը (մանրամասները՝ այստեղ)։
Իսկ ահա Թեհրանին անհանգստացրել է Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու Թուրքիայի որոշումը։ Այսօր Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը զանգահարել է թուրք պաշտոնակցին։ «Տարածաշրջանի երկրները պետք է պատասխանատվությամբ մոտենան տեղի ունեցող իրադարձություններին և չնպաստեն տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,- Մեվլութ Չավուշօղլուին ասել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։