ԿարևորՀասարակություն

ԵԽ Վրաստանին կոչ է արել ստորագրել տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

ԵԽ  Վրաստանին կոչ է արել ստորագրել տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան:   Կառույցը  հիշեցրել է, որ խարտիայի ստորագրումն ու վավերացումը Վրաստանի պարտավորություններից մեկն է եղել Եվրոպական Խորհուրդ մտնելիս: 

Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու հեռանկարով դեռ 1999թ պարտավորվեց  վավերացնել Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան։ Այն պարտավորեցնում է անդամ-պետություններին կրթությունը, դատական ընթացակարգերը և պետական ծառայությունները ազգային փոքրամասնությունների լեզվով հասանելի դարձնել այն վայրերում, որտեղ այդ լեզուներով են ավանդաբար հաղորդակցվում:

Ամեն անգամ խարտիան վավերացնելու մասին խոսակցությունները  Վրաստանի քաղաքական շրջանակների ուշադրությունը բևեռում է Սամցխե-Ջավախեթի շրջանի վրա, որտեղ  բնակչության  բացարձակ մեծամասնությունը  հայերեն են, խոսում են հայերեն: Պատասխանելով առկա այն մտավախություններին, թե խարտիայի ընդունմամբ տեղի հայերը այլևս չեն սովորի պետական լեզուն, կգոյանա անջատողականության սպառնալիք, «Վրաստանի հայերի միություն»  ՀԿ վարչության  անդամ Սլավա Մեզդոյանն ասում է.

«Անջատողականության հետ կապված խոսակցությունները արդարացված չեն. նման բան չի կարող տեղի ունենալ.  իրականում այնտեղ  բոլորը խոսում են հայերեն և խարտիայի վավերացումը այն  ուղակի ամրապնդում է օրենքի ուժով»:

Ըստ Մեզդոյանի,  ինչ վերաբերում է վրացերենի ուսուցմանը, դա կապված է  երկրի կրթական համակարգի հետ:

Նախկին իշխանության ներկայացուցիչները այսօր դեմ են հանդես գալիս խարտիայի վավերացմանը: Նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, ով  ինքն էր  15 տարի առաջ ստորագրել խարտիան, դրա վավերացումը այսօր սպառնալիք է համարում երկրի ազգային անվտանգության համար:

Իսկ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերի նախարար Պաատա Զաքարեիշվիլին հիշեցնելով  նախկին իշխանության ներկայցուցիչներին այդ մասին, մի առիթով այսպես էր  պատասխանել. «Սահակաշվիլին այնքան էր ցանկանում այդ ճանապարհին առաջ անցնել Ադրբեջանից ու Հայաստանից, որ չմտածեց հետևանքների մասին: Այնպես որ՝ այժմ երկիրն այլ ելք չունի, քան խարտիան վավերացնելը: Հակառակ դեպքում մենք չենք տեսնի եվրաինտեգրում»:

Լեզվաբան Կախա Գաբունիան սակայն մտահոգվում է,  որ լեզվի մասին հարցը  անընդատ կապում են  քաղաքականության հետ.  «բարդեցնում են հասարակ հարցը, որը հեշտությամբ կարող էին լուծել մի քանի տարի առաջ,  որովհետև Վրաստանը Եվրամիության առջև պարտավորվել է վավերացնել խարտիան»։

Այդուհանդերձ վրացի լեզվաբանը կարծում է, որ Վրաստանն ի վերջո կվավերացնի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, ընդունելով նաև այնպիսի մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի և փոքրամասնությունների, և ընդհանրապես վրաց հասարակության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button