2016թ ավարտին այլևս երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիք չի լինի. Նարեկ Սարգսյան


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարության հաստատած հերթական որոշումը կհետաքրքրի մեր Գյումրիի ունկնդիրներին հատկապես, քանի որ վերաբերում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 450 ընտանիքներից 215-ին: Վերջիններիս բնակարններով ապահովելու հարցը մի քանի ամիս քննարկվել է կառավարությունում ու ինչպես այսօր տեղեկացրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որոշել են այդ ընտանիքներին բնակարանների գնման վկայագիր տրամադրել:
Կառավարությունը վերադառնում է բնակարանների գնման վկայագրերին, քանի որ նոր բնակարաններ կառուցելու տարիներ կպահանջի: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և քաղաքինության նախարարության ուսումնասիրությունների արդյունքում մեկ քառակուսի մետրը գնահատվել է շուրջ 109 հազար դրամ, և մի կարևոր հանգամանք, որ եթե ընտանիքները բնակարան ձեռք կբերեն աելի ցածր գնով, նրանց տրամադրված գումարը կմնա իրենց, այլ ոչ թե կվերադարձվի կառավարությանը:
ԲԳՎ ձեռքբերման համար կառավարությունը հատկացրեց 1 մլրդ 500 մլն դրամ: Այս ընտանիքները առաջիկա վեց ամիսներին կավարտեն բնակարանների ձեռքբերման գործընթացը և մնացած ընտանիքների հարցն էլ կլուծվի մինչև 2015թ ավարտը: Սակայն, Շիրակի և Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում դեռ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ կան, նրանց բնակարաններով ապահովելու ծրագրերը կազմվում են, մինչև 2016թ ավարտը նրանց խնդիրը ևս կլուծվի: Լրագրողները քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հիշեցրեցին, որ ՀՀ նախագահն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ 2016թ ավարտին այլևս երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիք չի լինի: