Շառլ Ազնավուր.«Պետք է ուժերը կենտրոնացնել բռնությունների ալիքին դիմակայելու համար»


Մոսկվայում «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում վաղը կայանալու է Շարլ Ազնավուրի համերգը, այն տեղի կունենա Ազնավուրի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգային շրջագայության շրջանակներում: Աշխարհահռչակ շանսոնյեն արդեն Մոսկվայում է, այսօր նա հանդիպել է լրագրողների հետ և ասել, որ աշխարհում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները վկայում են բռնության աճի մասին: «Պետք է ուժերը կենտրոնացնել բռնությունների ալիքին դիմակայելու համար», ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է աշխարհի ամենահանրահայտ հայը:
Օրերս շանսոնյեին նվիրված հոդված էր հրապարակել Al Jazeera-ում՝ «Ազնավուր. վերջին պոլիգլոտ մարդասերը» վերնագրով:
«90-ամյա շանսոնյեն ֆենոմեն է տարբեր առումներով: Նրա երկարակեցությունն, իհարկե, ապշեցուցիչ է, բայց նրա վարած կյանքը շատ ավելի տպավորիչ»,- գրել է հեղինակն ու հիշեցրել, որ մի քանի շաբաթ առաջ Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը Սիրիայից և Իրաքից ընդունել հնարավորինս շատ քրիստոնյա փախստականների, որոնք փախչում են «Իսլամական պետության» հալածանքներից:Հեղինակի խոսքով՝ Ազնավուրը, լինելով ներգաղթյալների որդի, միշտ հայրենաբաղձության խորհրդանիշ է եղել, օրինակ՝ միշտ շատ սիրված լինելով իրանցիների, լիբանանցիների, եգիպտացիների և ընդհանրապես Միջին Արևելքի ժողովուրդների կողմից: