Հայաստանը դարձավ Առաջին աշխարհամարտի զոհը. գիտաժողով ԳԱԱ-ում


Ալիսա Գեւորգյան
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Երևանում այսօր շարունակվել է «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը ՝ պատմություն և արդիական խնդիրներ» միջազգային գիտաժողովը: Առաջին համաշխարհային պատերազմ. 100 տարի առաջ այս պատերազմի մեջ ներքաշվեց երկրագնդի բնակչության 75 տոկոսը՝ շուրջ 1,5 միլիարդ մարդ: Պատերազմի ընթացքում զորակոչվել է 74 միլիոն մարդ, ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվել է 10 միլիոն, վիրավորվել՝ 20 միլիոն մարդ: Սակայն այս պատերազմի մեծագույն զոհը հայ ժողովուրդն էր: Թուրքիայի 100-ամյա ոճրագործության և այսօրվա խարդավանքների մասին ՝ «Ռադիոլուր»-ի անդրադարձում:
Առաջին աշխարհամարտի սանձազերծման գործին Հայաստանը որևէ կերպ չէր առնչվում, բայց դարձավ համաշխարհային այդ աղետի մեծագույն զոհը: Թուրքիայի համար այն դարձավ լավագույն հնարավորությունը՝ հայերին բնաջնջելու դեռևս համիդյան ժամանակներից ծրագրված քաղաքականությունը: Գուցե այդ ամենի մեջ, այնուամենայնիվ, կար նաև հայերի մեղքը:
Առաջին համաշխարհային պատերազմում զոհվել է ավելի քան 20 միլիոն մարդ, որից 10-ը միլիոնը, ինչպես վերը նշվեց՝ ռազմի դաշտում, մյուս տասը միլիոնը խաղաղ բնակիչներ էին: Պատերազմը տանուլ տված գերմանական խմբավորման կորուստների մեջ երեք միլիոն 400 հազար խաղաղ բնակիչներից 2,8 միլիոնը բաժին է ընկնում օսմանյան կայսրությանը: Թուրք պատմաբաններն այս փաստ հաճախ են բարձրաձայնում, թե տեսեք ինչ ահռելի ողբերգության է ենթարկվել թուրք ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմում: Սակայն ամեն ինչ պարզ է դառնում, երբ բացվում են փակագծերը: Այդ կորուստների մեծագույն մասը բաժին է ընկնում կայսրության քրիստոնեա ժողովուրդներին և մասնավորապես հայերին:
100 տարի առաջ օգտվելով առաջին համաշխարհայինի խառնաշփոթից Թուրքիան իրականացրեց հայերի ցեղասպանությունը, 100 տարի անց օգտվելով այլ իրավիճակներից նա փորձում է ոչ միայն ջնջել այդ ցեղասպանության մասին վկայող փաստերը, այլև նոր դավեր նյութել այս տարածաշրջանում:
Խոսքը նախ և առաջ վերաբերում է Դեյր Զորի Սուրբ Նահատակաց հայակական եկեղեցու ոչնչացմանը, որի թիկունքում կանգնած է Թուրքիան, սույն տեսակետն են պնդում արաբագետ Արմեն Պետրոսյանն ու թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Հայ փորձագետների համոզմամբ «Իսլամայկան պետության» և Թուիրքիայի միջև կա ակտիվ համագործակցություն, որի արդյունքն էր նաև Դեյր Զորում կատարվածը: