ԿարևորՔաղաքական

Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք

Ավելի քան  մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող  Հակոբ Ինջիղուլյանը այսօր վաղ առավոտյան Երևան է ժամանել: Զվարթնոց օդանավակայանում Ինջիղուլյանին դիմավորել են նրա հարազատներն ու պատկան մարմինների ներկայացուցիչները: Լրագրողների հետ զրույցում նա վերահաստատել է, որ մոլորվելու արդյունքում է հայտնվել հակառակորդի տարածքում:

Հակոբ Ինջիղուլյանը նշել է, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել. «Ծեծել են, հայհոյել ու ծաղրել: Ասել են` մեր ասածներով եթե չվարվես հովիվի օրը կհայտնվես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ», ասել է Ինջիղուլյանը: Նրա խոսքով՝իր հոգեբանական վիճակը լավ է:
«Ես ինքնակամ եմ որոշել վերադառնալ Հայաստան, միջազգային կազմակերպություններն աջակցել են: Որոշել եմ շարունակել զինվորական ծառայությունս: Հրաշալի է, որ ես գտնվում եմ Հայաստանում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պետություններին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ինձ ազատեցին գերեվարությունից»,-ասել է Հակոբ Ինջիղուլյանը:
Հիշեցնենք, որ 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը, հատել էր  ղարաբաղա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով հակառակորդի պահպանության տարածքում։  2014-ի մարտին  Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել էին ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ 2014 թվականի օգոստոսի 26-ին Ինջիղուլյանը տեղափոխվել էր երրորդ երկիր:
Ցուցադրել ավելի
Back to top button