ԿարևորՔաղաքական

Ինչպե՞ս ապահովել Հանրային ռադիոյի հեռարձակումը ՀՀ ողջ տարածքում. քննարկումներ ԱԺ- ում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր ՀՀՌԽ հաշվետվության քննարկումների ժամանակ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե անհրաժեշտ է ապահովել Հանրային ռադիոյի հեռարձակումը հանրապետությունով մեկ հաճախականությամբ, նշել է, որ Հայաստանի ռելիեֆի առանձնահատկությունների պատճառով դա տեխնիկապես անհնար ։ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի հետ զրույցից հետո նա պատգամավորներին փոխանցել է լուծումների տարբերակները։

Առաջին տարբերակով՝ Արագած լեռան վրա կարելի է տեղադրել 10 կվտ հզորությամբ FM կայան, որը կապահովի հեռարձակումը ՀՀ տարածքի մեծ մասում։ Երկրորդ տարբերակը միջին ալիքի վարձակալումն է։ Սրա համար անհրաժեշտ կլինի տարեկան 438 մլն դրամ։

Հեռարձակման այս քայլերը պատգամավորը կարեւոր է հատկապես այն պայմաններում, երբ մեր հարեւան պետություններն առանց միջազգային համաձայնեցման պարբերաբար հզորացնում են ՀՀ սահմանակից տարածքներում տեղադրված գերկարճալիք տիրույթի ռադիոկայանները եւ խանգարում մեր՝ ավելի ցածր հզորությամբ համանման կայաններին:

ՀՀՌԽ հաշվետվության քննարկման ժամանակ Հանրային ռադիոյի մասին խոսել է նաեւ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա  համաձայնել է պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի եւ Սամվել Ֆարմանյանի այն դիտարկմանը, որ բյուջետային քննարկումների ժամանակ պետք է Հանրային ռադիոյի ֆինասավորումը ավելացնելու հարցը բարձրացնել՝ արձանագրելով, որ ցածր ֆինանսավորման պայմաններում Հանրային ռադիոյի աշխատակիցները, պատգամավորի դիտարկմամբ, «հերոսական աշխատանք են տանում»։ Նա հատկապես կարեւորել է ռադիոյի Սփյուռքի եւ Ցեղասպանության թեմաներին նվիրված հաղորդումները։

Արծվիկ Մինասյանը խոսել է նաեւ լարային ցանցի մասին՝ նշելով դրա ավանդական նշանակության մասին։ Ըստ նրա՝ կարելի է այն պահպանել, առավել եւս որ դրա համար մեծ ծախսեր չեն պահանջվում։

Back to top button