Երիտասարդների փայլող աչքերը եւ ոգեւորությունը. «Ես եմ» կինոփառատոնը կազմակերպելու հիմնական պատճառները


«Անկեղծ ասեմ` որոշել էի այլևս փառատոն չանել, բայց երբ տեսա երիտասարդների փայլող աչքերն ու ոգևորությունը, հասկացա, որ դա անհրաժեշտ է»,- նշել է Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը՝ անդրադառնալով Ծաղկաձորում անցկացվող «Ես եմ» միջազգային 8- րդ երիտասարդական կինոփառատոնին։ Նա նաեւ այս փառատոնի նախագահն է։
«Ես եմ» կինոփառատոնին ներկայացված 118 ֆիլմերից ընտրվել են վավերագրական, անիմացիոն եւ խաղարկային 60 ֆիլմեր։ Հայ և օտարազգի երիտասարդ ռեժիսորներն իրենց ֆիլմերում անդրադարձել են մերօրյա խնդիրներին։
Կինոդիտումներից հետո գրողների ստեղծագործական տանը կազմակերպվում են նաև քննարկումներ, որի ժամանակ յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր կարծիքն ազատ արտահայտել և լսելու նաև սեփական թերությունների մասին:
Կինոփառատոնն անցկացվում է «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում, որոնց արժանացած մասնակիցը կամ ստեղծագործական խումբը կստանա համապատասխան դիպլոմ և մրցանակ:
Ժյուրին կազմված է կինոյի բնագավառի հեղինակավոր մասնագետներից՝ Սամվել Բաբասյան /օպերատոր/, Նարինե Ջրբաշյան /կինոգետ/, Ռուբեն Երզնկյան /ռեժիսոր/, Արամ Գյուրջյան /դերասան/: Ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը: