Տնտեսական

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը կքննարկվի ԱԺ նախագահի մոտ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Աժ- ում ոչ իշխանական քառյակի նիստից հետո՝ լիագումար նիստում պատգամավորները Աժ-ի նախագահից պահանջել են առանձին խորհրդակցություն կազմակերպել այսօրվանից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված խնդիրները քննարկելու համար: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր գործընկերներին լսելուց հետո նախ ընդվզել է՝ ակնարկելով, որ երկու օր առաջ իրենք էին առաջարկում հանդիպել եւ միասին քննարկել խնդիրը:

Օրինաց Երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշել է, որ ցուցարարներին Աժ ուղղորդել է հենց վարչապետը՝ հորդորելով Աժ-ի հեղինակությունը բարձր պահել: Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններն այս առիթով այնքան շատ էին եւ բուռն, որ խնդրի լուծման առաջարկ արդեն առաջացել է նաեւ Սեյրան Սարոյանի մոտ:

«Պարոն նախագահ, արեք էս մի անգամ մի քննարկեք, ժողովրդի սրտով անենք, բերեք, ոնց կա, տենց թողեք, մարդիկ գնան աշխատեն, էլ ի՞նչ պիտի քննարկեք, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին, մի տասը օր պիտի քննարկենք, մի քսան օր էլ պիտի քվեարկենք»,-արձագանքեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Ամեն դեպքում Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը խնդրով մտահոգված պատգամավորներին Աժ-ի մեծ ընդմիջմանը՝ 13.30-ին հրավիրել է  իր աշխատասենյակ խորհրդակցության:

Ցուցադրել ավելի
Back to top button