Տնտեսական

«Շրջանառության հարկի» հարցով կառավարությունը պատրաստ է միայն հետաձգել տուգանքների կիրառումը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ խմբակցությունների և կառավարության ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը, որն այսօր նախաձեռնվել էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար, ավարտվել է ՝ առանց ընդհանուր համաձայնության: Որոշվել է քննարկումը շարունակել նաև վաղը՝ մինչ լիագումար նիստի մեկնարկը։

Քննարկմանը մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարությունից՝  ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրայնը երկու տեղակալների հետ։ Նիստի ավարտից հետո ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասել է, որ կառավարությունը հակված է զիջումների գնալ միայն տուգանքների կիրառումը հետաձգելու հարցում։

Հիշեցնենք՝ այսօրվանից ուժի մեջ են մտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր դրույթն երը, որոնք հարուցել են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը։

Դրանցով թեև  շրջանառության հարկի դրույքաչափը 3.5%-ից  իջեցվել է  մինչև  1%, բայց  նաև  սահմանվել  է ամբողջ ապրանքաշրջանառությունը  փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջ: Առևտրով զբաղվողները պնդում են, որ այդ պահանջը հնարավոր չէ իրագործել։

Ի դեպ՝ օրենքը բավականին խիստ պատժամիջոցներ է նախատեսում  խախտումների համար.  փաստաթուղթ չներկայացնելու դեպքում գործարարն առաջին անգամ  կնախազգուշացվի, երկրորդ անգամ՝ կտուգանվի 20 000 դրամ, իսկ երրորդ անգամ՝ շրջանառության 5 տոկոսի չափով։

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button