Հասարակություն

Նախագահը ՉԺՀ ազգային տոնի կապակցությամբ այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ձեր ղեկավարության ներքո Չինաստանը մեծ հաջողություններ է արձանագրել հասարակական-քաղաքական և տնտեսական առաջընթացի գործում, ինչպես նաև Ձեր երկրի միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ Չինաստանի վերելքը կշարունակվի նաև ապագայում:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացմանը, փոխշահավետ համագործակցության հետագա ծավալմանը տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում:

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ՝ փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը կշարունակի հարաճուն զարգացում ապրել տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

Ցուցադրել ավելի
Back to top button