Արցախն ու Տող գյուղի երկարակյացները


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արցախ աշխարհի Տողաձորակի Տող գյուղը թվագրված է դեռ 7-րդ դարից, որն ունի հարուստ պատմական ժառանգություն: Գյուղը Հադրութի շրջանի ամենամեծ բնակավայրերից է, որտեղ մադիկ զբաղված են անասնապահությամբ, երկրագործությամբ, երիտասարդներն էլ՝ հայրենիքի պաշտպանությամբ: Գյուղում երկարակյացներ շատ կան:
Յուրի Խաչատրայանը 82 տարեկան է, ապրում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում, առողջ կենսակերպ ունի, թեև ոտքերը երբեմն դավաճանում են: Կնոջ հետ միասին հոգում են իրենց առօրյա հոգսերը: Տարեցները 3 երեխա ունեն, սակայն արդեն 25 տարուց ավելի ապրում են միայնակ: Զավակները գյուղից հեռացել են դեռ անկախացումից առաջ և այժմ ապրում են Մոսկվայում:
Տարեցներն ապրում են կենսաթոշակով .«Ես ստանում եմ 45 ռուբլի, կինս՝ 30 ռուբլի»,ասում է Յուրի Խաչատրյանը: Ռուբլի ասվածը դեռ պահպանվում է տարեցների խոսակցության մեջ, պարզապես նշված թվերի կողքին շարվում է երեք զրո և դրամ բառը: Տողաձորակի գյուղը Հադրութի շրջանի ամենահին բնակավայերից մեկն է, որը հիշատակվում է դեռ 7-րդ դարից և ունի պատմամշակութային հուշարձաններ: Յուրի Խաչտրյանի նախնիները Տող են եկել Գորիսի շրջանի Տեղ գյուղից դեռ 19-րդ դարի վերջին: Գյուղը նախկինում մասնագիտացված է եղել բանջարեղենի և խաղողի մշակության գործում և տարեկան մինչև 1000 տ խաղող են մթերել, որից էլ պատրաստել են բարձր տեսակի գինի:
Մինչև անկախացումը Յուրի պապիկը աշխատել է պետական տնտեսությունում, վարորդ, իսկ կինը՝ դեղատանը: Բնակչության թվով Տողը նույնպես գերազանցել է մյուս գյուղերին, այժմ համայնքում կա մինչև 250 տնտեսություն և գրեթե 750 բնակիչ: Նրանք զբաղված են գյուղատնտեսության մեջ, պահում են անասուններ, իսկ երիտասարդներն էլ պայմանագրով ծառայում են բանակում: Երիտասարդները հիմա արդեն մնում են գյուղում, ավելին՝ ամուսնանում են ու նոր ընտանիքներ կազմում: Գյուղում կյանքը բնականոն հունի մեջ է, կա խմելու, ոռոգման ջուր, բնական գազ, հանրակրթական և արվեստի դպրոց:
Յուրի Խաչատրյանը և համագյուղացիները ցավով խոսեցին արցախյան ազատամարտում զոհվածների մասին, նրանք 25-ն են, սակայն գյուղում չկա նրանց հուշը հավերժացնող հուշակոթող: Թերևս սա նաև պապիկի ցանկություններից մեկն է, սակայն ամենից շատ կարևորեց, որ Տողը բարգավաճի ու խաղաղություն պահպանվի: