ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոյի գործունեությունը կարող է ուղենիշ դառնալ մյուսների համար. քննարկում ԱԺ- ում (լրացված)

լրացվել է ժամը 16։29

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանը շարունակել է ՀՀՌԽ 2013 թ-ի հաշվետվության քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել Հանրային հեռուստառաիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին: ԱԺ հանրապատաեկան պատգամավոր Կարինե Աճեմյանը, մասնավորապես, անդրադարձել է Հանրային ռադիոյի աշխատանքին . «Ուզում եմ խոսել, բարձրաձայնել այն մասին, որ քաղաքացիները շատ մեծ գոհունակությամբ են խոսում Հանրային ռադիոյի աշխատանքների մասին: Ռադիոն բավարարում է հանրության պահանջները եւ վարվող քաղաքականության, եւ բովանդակային առումով»:

Պատգամավոր Թեւան Պողոսյանին հետաքրքրող հարցն էլ սա էր. ««Երեւան ձայն» լրատվական հաղորդման մեջ նշված է, որ 13 լեզուներով է թարգմանվում, հատկապես 2012 թ-ի համեմատ ավելացել է եւս երկու լեզու՝ թուրքերեն եւ ադրբեջաներեն, եւ ձեր հաղորդումները armradio.info կայքում է տեղադրվում: Արդյո՞ք դուք մոնիտորինգ արել եք, թե ադրբեջաներեն եւ թուրքերեն թարգմանություններն ինչ ծավալով են սփռվել, կամ ինչ լսարան են ունեցել եւ ինչ ազդեցություն են ունեցել: Շատ կարեւորում եմ, քանի որ երբ տարածում եք ինֆորմացիա մեր մասին, պետք է իմանաք նաեւ արձագանքների մասին»:

Այս առնչությամբ նշենք, որ Հանրային ռադիոյում Արտասահմանի համար տրվող հաղորդումների բաժինը հիմնվել է 1947 թվականից: Ադրբեջաներենով եւ թուրքերենով հաղորդումների սկիզբը դրվել է դեռեւս 1963 թվականի նոյեմբերի 2-ից: Իսկ անցյալ տարի ավելացել է միայն հունարենով տրվող հաղորդումը: Սա, նշենք, հարցի առնչությամբ «Ռադիոլուրի» դիտարկումն է:

Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի աշխատանքի հետ կապված քննարկումների ժամանակ այսօր պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ընդգծել է, որ ռադիոյի լրատվական հաղորդումների օբյեկտիվությունն ումասնագիտական բարձր որակը, գոնե ԱԺ դահլիճում, կասկած չի հարուցում։ Սակայն արձանագրել է, որ Հանրային ռադիոյում աշխատավարձերը մրցունակ չեն դաշտի միջին աշխատավարձերի հետ։ «Պետք է ընդունել, որ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի աշխատակիցների աշխատավարձը լրատվական դաշտի համեմատ միջինացված թվերով մրցունակ չէ: Մենք պատրաստ ենք նաեւ բյուջետային քննարկումների ժամանակ միասնական որոշմամբ ձեզ աջակցել, որպեսզի լրացուցիչ միջոցներ տրամադրվեն աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու համար»:

Ռուբեն Ջաղինյանը համաձայնելով Ֆարմանյանի տեսակետի հետ՝ հույս է հայտնել, որ բյուջետային քննարկումների ժամանակ այս հարցը եւս կբարձրացվի եւ պատգամավորների աջակցությամբ կլուծվի այս խնդիրը:

ԱԳ նախկին նախարար պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը համաձայնելով պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գնահատականների հետ՝ արձանագրել է, որ Հանրային ռադիոյն օբյեկտիվ լրատվություն է տալիս։

«Եթե զուտ միայն Հանրային ռադիոյի գործունեությունը դիտարկած լինեինք՝ ամենաբարձր գնահատականներից բացի այլ գնահատականներ չէին լինի։ Դա նաեւ հետաքրքիր ուղենիշ է մնացած ընկերությունների գործունեության համար»,- խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button