Միջազգային

Sotheby’s-ն աճուրդի կհանի Վան Գոգի «Նատյուրմորտ: Երիցուկներով և կակաչներով ծաղկաման» կտավը

Sotheby’s աճուրդի տունը Նյու Յորքում իմպրեսիոնիզմին և մոդեռնիզմին նվիրված աշնանային աճուրդում կվաճառի հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ Վան Գոգի վրձնին պատկանող «Նատյուրմորտ: Երիցուկներով և կակաչներով ծաղկաման» կտավը: Նկարի նախնական արժեքը գնահատվում է 30-50 մլն դոլար: Գրում է ITAR-TASS-ը:

Վան Գոգը «Երիցուկներով և կակաչներով ծաղկաման»-ի վրա աշխատել է 1890-ի հունիսին՝ Փարիզից ոչ հեռու տեղակայված Օվեր-սյուր-Ուազ փոքրիկ քաղաքում, իր ընկերոջ՝ բժիշկ Պոլ Գաշեի տանը, ով այդ ժամանակ հետևում էր նկարչի առողջությանը: Նշվում է, որ նկարը ստեղծվել է Վան Գոգի ողբերգական մահվանից մի քանի շաբաթ առաջ և փոխանցում է այն ողջ բարդ հուզական վիճակը, որում այդ ժամանակ գտնվում էր նկարիչը:

Այդ ընթացքում ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող նկարիչը ենթադրաբար կտավը տվել է Գաշեին՝ բժշկական ծառայությունների դիմաց: 1920-ականների կեսերին կտավը եղել է ԱՄՆ-ում հայտնված Վան Գոգի առաջին աշխատանքներից մեկը, իսկ հետագայում հայտնվել է Օլբրայթ-Նոքս քաղաքի գեղարվեստական պատկերասրահում: Վերջին 20 տարիներին նկարը եղել է եվրոպական մասնավոր հավաքածուում:

Ցուցադրել ավելի
Back to top button