ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյան.Հայաստանը շնորհակալ է Հունաստանին Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար

Կարեն Ղազարյան
Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

 

Հայ-հունական հարաբերությունները զարգանում են ակտիվորեն` երկու ժողովուրդների հնագույն ժամանակներից եկող բարեկամության ամուր հիմքի վրա: Արձանագրել են երկու երկրների ղեկավարները՝ բանակցություններից հետո զանգվածային լրատվամիջոցների համար կատարած հայտարարություններում:

Փոխադարձ այցերն ամրապնդում են երկկողմ հարաբերությունները, դրանք վկայում են, որ ամենաբարձ մակարդակով հանձնառու ենք մեր երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն:  Փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկվել են երկկողմ օրակարգի բոլոր հարցերն ու փոխգործակցության ընդլայնման ուղիները՝ իր խոսքում շեշտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայ-հունական հարաբերությունների ընդհանուր պատկերում առևտրատնտեսական կապերը պետական մակարդակով խթանման կարիք ունեն: Քիչ անց մենք պարոն Նախագահի հետ կբացենք այցի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովը: Հատուկ կարևորում եմ հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը, հավատացած եմ, առաջիկայում համատեղ ջանքերով կգումարի իր հերթական նիստը: Մենք պարոն Նախագահի հետ և՛ երեկ, և՛ այսօր եկանք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ դրանում համոզված էինք, որ մենք պարտավոր ենք մեր տնտեսական հարաբերությունները քաշել-հասցնել մեր քաղաքական երկխոսությանը և ընդհանրապես, մեր բարեկամության մակարդակին: Ուրախ եմ, որ Նախագահ Պապուլիասի այս այցը նշանավորվում է նաև տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված ևս երկու փաստաթղթի ստորագրմամբ, որոնք կհամալրեն մեր երկկողմ՝ շուրջ 40-ի հասնող իրավական փաստաթղթերի շտեմարանը: Իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը մեզ համար անհրաժեշտություն է, և այստեղ մենք գործ ունենք ոչ միայն երկկողմ հարաբերությունների հետ, մենք, անշուշտ, նաև հաշվի ենք առնում, որ Հունաստանը հանդիսանում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ: Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու ցանկությունը: Ես հայտնեցի Հայաստանի վճռականությունը զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով և հույս հայտնեցի, որ բարեկամ Հունաստանն այս հարցում կաջակցի Հայաստանին:

Իհարկե, անդրադարձանք նաև տարածաշրջանային խնդիրներին: Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումն այս հարցում, որի պաշտոնական դիրքորոշումն է՝ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և Մինսկի խմբի կողմից առաջարկված լուծումների տարբերակին»:

Մենք շնորհակալ ենք Հունաստանին Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկն օրենքի ուժով ճանաչելու, իսկ այժմ նաև ժխտողականության դեմ պայքարում կատարած կարևոր օրենսդրական քայլի համար,-իր խոսքում նշել է ՀՀ նախագահն ու հավելել.« Օրեր առաջ Հունաստանի խորհրդարանի կողմից Ռասիզմի և այլատյացության դեմ օրինագծի լրամշակված տարբերակի ընդունումը ցեղասպանության հանցագործության փուլ կազմող ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ միջոց է:

2015 թվականին հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանն այդ տարի դառնալու է այդ հանցագործության դեմ միջազգային պայքարի կարևոր հարթակներից մեկը: Ապրիլին անց է կացվելու «Ցեղասպանության հանցագործության դեմ» վերտառությամբ միջազգային հասարակական-քաղաքական գլոբալ ֆորում: Ի թիվս այլոց, ֆորումին իրենց մասնակցությունը բերելու համար մենք հրավիրելու ենք բարեկամ հույն ժողովրդի ներկայացուցիչներին, որպես ցեղասպանության ենթարկված Պոնթոսի հույների ժառանգներին: Ակնհայտ է և հասկանալի, որ այսօր ես պարոն Նախագահին փոխանցեցի հրավեր՝ մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումներին»:

Ցուցադրել ավելի
Back to top button