Հասարակություն

Չորս մայրաքաղաքներ, ԱԷԿ, օդանավակայան. Ֆրանսիայի դեսպանը՝ Արմավիրի մարզում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն համագործակցության ու բարեկամության նոր եզրեր է որոնել Արմավիրի մարզում։ Դեսպանը հետաքրքրվել է Արմավիրի մարզի տնտեսությամբ և կառավարման համակարգով, ձեռնարկատիրական գործունեության տեսակներով: Անրի Ռենոն գոհունակություն է հայտնել,  որ գտնվում է պատմամշակութային ժառանգություն ունեցող մի վայրում, որտեղ եղել են երկրի 4 արքայանիստ մայրաքաղաքները, ինչպես նաև ռազմավարական նշանակության օբյեկտները՝ Ատոմակայանն ու օդանավակայանը: Դեսպանն ընդգծել է, որ  ամռան ծանրաբեռնված ամիսներին «էյր ֆրանս» ընկերության օդանավերը ամենօրյա չվերթներ են իրականացրել Փարիզ- Երևան, որը ենթադրում է մեծ թվով զբոսաշրջիկների այցը Հայաստան, այդ թվում նաև Արմավիրի մարզ և  հոգևոր կենտրոն: Բացի այդ՝ ֆրանսիական «Արևա» միջուկային կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ համագործակցում է Մեծամորի ատոմակայանի հետ։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը  ներկայացրեց բարեկամական փոխհամագործակցությունն այլ օտարերկրյա կազմակերպությունների հետ: Արմավիրի մարզում  նախատեսվում է չեխական կազմակերպության միջոցով հիմնել կենցաղային աղբի վերամշակման գործարան: Գյուղատնտեսության բնագավառում առաջիկայում նախատեսել են  հիմնել չրանոցներ, որոնց արտադրանքը մեծ արժեք ունի արտերկրում, ինչպես նաև ջերմոցներ և գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ։

Բացի այդ՝ ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությունը «միայն այս տարի խաղողի մթերման քանակը հասցրեց 18600 տոննայի», հայտնել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշել է, որ Հայաստանում արդեն երեք տարի գործունեություն է ծավալում զարգացման ֆրանսիական գործակալությունը, որը ֆինանսավորում է քաղաքաշինական ծրագրեր: 15մլն եվրո գումար տրամադրվել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող միջին և փոքր ձեռնարկություններին: Դեսպանն առաջարկեց  առաջիկա բիզնես պլանները ներկայացնել Ֆրանսիայի դեսպանատուն գործակալության միջոցով ֆինանսավորում ստանալու նպատակով:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button