Միջազգային

Ինքնաբուխ, թե՞ կազմակերպված պոռթկում. Հոնկոնգում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել իշխանություններին

Հոնկոնգի փողոցներում ժողովրդավար ընտրություններ պահանջող տասնյակ հազարավոր ցուցարարներ երկրի իշխանություններին վերջնագիր են ներկայացել մինչև հոկտեմբերի մեկը. նրանք պահանջում են ստեղծել ազատ, արդար ընտրությունների համար համապատասխան պայմաններ կամ՝ հրաժարական տալ:

Հոնկոնգում 2017-ին վարչակազմի ղեկավարի ընտրություններ են, ցուցարարները դժգոհ են, որ Չինաստանի իշխանությունները ցանկանում են խոշորացույցի տակով անցկացնել բոլոր թեկնածուներին: Ցուցարարներն այսօր հայտարարել են, որ  չեն պատրաստվում նահանջել, Պեկինն էլ՝ զիջումների գնալ. Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Լյան Չժենինը քաղաքի կենտրոնը շրջափակած ցուցարարներին կոչ է արել անհապաղ դադարեցնել ցույցերը և նախազգուշացրել, որ չի հանդուրժի ապօրինի գործողություններ:

Թեև քաղաքի կենտրոնական փողոցները վերահսկում են բողոքավորները, այսօր քաղաքում համեմատաբար հանգիստ է: Սպասվում է, որ բողոքի գործողությունները կակտիվանան վաղը. երկում նշվում է  Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման օրը: Հոնկոնգի հուզումներն արդեն սոցիալական կայքերում անվանում են հովանոցների հեղափոխություն, քանի որ ցուցարարները շոգից հովանոցներով են պաշտպանվում:

Պաշտոնական Պեկինը բողոքի գործողությունների առիթով  դիմել է միջազգային հանրությանը՝ Չինաստանի ներքին գործերին չմիջամտելու և ապօրինի գործողություններին չսատարելու կոչով: Վերլուծաբանները կարծում են, որ կոմունիստական երկրում սկիզբ առած շարժմանը ժողովրդավարության ջատագով արևմտյան երկները կարող են սատարել: Թեև հնչում է նաև հակառակ կարծիք. «հովանոցների հեղափոխությունը» դիրիժոր ունի ի դեմս արևմտյան, մասնավորապես ամերիկյան քաղտեխնոլոգների:

 

Back to top button