ԱԺ այսօրվա արտահերթն էլ քվորում չի ապահովել


Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի պահանջով այսօր ժամը 18.30-ին արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում ոչ իշխանական խմբակցությունների հեղինակած օրինագիծն էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Նիստի մեկնարկին գրանցվել է 37 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է քվորումի բացակայության մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի ՝ գրանցումը կշարունկվի ևս 3 ժամ: Եթե մինչ 21.30-ը քվորումը չապահովվի, նիստը չի կայանա։
Հիշեցնենք, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են «Շրջանառության հարկի» մասին օրենքում վերջերս կատարված և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններից։ Դրանցով թեև շրջանառության հարկի դրույքաչափը նվազել է ՝ 3,5%-ից դառնալով 1%, բայց նաև սահմանվել է ողջ ապրանքաշրջանառությունը փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջ։
Առևտրային գործունեություն իրականացնողները պնդում են, որ այդ պահանջը հնարավոր չէ իրականացնել։ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիան շարունակվել է նաև այսօր։