Քաղաքական

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ կգումարի

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր չափազանց բուռն պայմաններում մեկնարկել է Ազգային Ժողովի հերթական քառօրյան: Պատգամավորների հայտարարությունները տարբեր թեմաներով այնքան շատ էին, որ բուն օրինագծերի քննարկմանը խորհրդարանականները կարողացան անցնել միայն մեկ ժամ անց: Օրինակ Զարուհի Փոստանջյանը միանգամից բարձրացրել է հայ-թուրքական արձանագրությունների հարցը: Հիշեցնենք, որ դրանք դեռ Աժ-ի մեծ օրակարգում են: Դրան ի պատասխան Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ հարցին բավականին հստակ պատասխանել է ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից: Ի դեպ, խորհրդարանին այս շաբաթ սպասվում են նաեւ հրատապ եւ արտահերթ քննարկումներ:

Արտահերթ նիստ այսօր գումարվելու է 18.30-ին՝ Օրինաց Երկիր խմբակցության պահանջով եւ իրենց առաջարկած օրակարգով: Խմբակցության առաջարկած օրակարգային հարցն առնչվում է տույժ ու տուգանքների պատճառով ԴԱՀԿ կողմից քաղաքացիների բանկային հաշիվները սառեցնելու խնդրին: Չնայած արտահերթ նիստի մասին հայտարարվեց, բայց ըստ ամենայնի այն չի կայանա:

Մեկ այլ հրատապ հարց, որն առաջարկել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը քննարկման կդրվի վաղը՝ օրվա երկրորդ կեսին: Այն առնչվում է Արտակարգ դրության մասին օրենքին:

Հավելենք, որ այս նախագիծը որեւէ կապ չունի խորհրդարանական եռյակի հանրահավաքային գործունեության կամ որեւէ մտավախության հետ: Օրինագիծը շատ վաղուց է խորհրդարանի օրակարգում:

Ցուցադրել ավելի
Back to top button