Փոխշահավետ համագործակցություն արտերկրի գործարարների հետ`Արմավիրի մարզի զարգացման համար


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզ
Փոխշահավետ համագործակցություն արտերկրի գործարարների հետ, որը լայն հեռանկարներ կարող է բացել Արմավիրի մարզի զարգացման համար: Բարեգործությունից – գործարարություն այս էր Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպված գործարարների տնտեսական 2-րդ ֆորումի հենքը, որին մասնակցում էին արմավիրցի գործարարները, ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Հանդիպման ընթացքում գործարարներն առաջարկեցին ստեղծել հոգաբարձուների խորհուրդ և հիմնադրամ, որի միջոցով կքննարկվեն ու կյանքի կկոչվեն գործարարների նախաձեռնությունները տնտեսության մեջ:
Հաճախ մենք ականատես ենք լինում այս կամ այն բարերարի գործունեությամբ մնայուն արժեքների կառուցմանն ու աջակցությանը, սակայն բարեգործությամբ տնտեսությունը չի զարգանա, իսկ սոցիալական վիճակի փոփոխությունն էլ ժամանակավոր բնույթ կկրի: Դրա համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, որով կարող են ստեղծվել նոր աշխատատեղեր և տնտեսության մեջ դրական փոփոխություններ արձանագրվել: Արմավիրի մարզում գումարված գործարարների տնտեսական 2-րդ ֆորումը հենց այս առաքելությունն ուներ, որով մեկ հարկի տակ էին հավաքվել արմավիրցի գործարարները նաև արտերկրից: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ նպատակ ունեն նրանց հետ փոխշահավետ համագործակցել:
Արմավիրի մարզպետը ներկայացրեց առաջին ֆորումից հետո մարզում իրականացված բարեգործական տարբեր ծրագրեր, որի արդյունքում կառուցվել են եկեղեցիներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ , մշակույթի տներ, հատկապես կարևորեց ,,Հայաստանի մանուկներ՚՚ հիմնադրամի գործունեությունը, որի ընդհանուր ներդրումը մարզում կազմել է շուրջ 17.5 մլն դոլար: Բարեգործական ներդրումներ են արվել նաև եզդիների կողմից՝ վերանորոգելով Նալբանդյան գյուղի մշակույթի տան տանիքը: Մրազ Մստոյանը Նոր Արմավիր գյուղից է, ապրում Կալինինգրադում, զբաղվում է հյուրանոցային բիզնեսով, ունի նաև մսի գործարան: 40 տարի ապրելով արտերկրում Մրազ Մստոյանը որոշել է ներդրումներ կատարել գյուղատնտեսության մեջ:
Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը գործարարներին ներկայացրեց գործարարության իրականացման իրավական դաշտը և պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց: ԱՊՀ երկրներ հայկական ծագումով ապրանքներն արտահանվում են 0 տոկոսադրույքի մաքսատուրքով: Հայկական շուրջ 6400 անուն ապրանք դարձյալ զրոյական մաքսատուրքով արտահանվում է նաև եվրոպական միության անդամ երկրներ:
Հայաստանում կան նաև մի քանի ազատ տնտեսական գոտիներ, որտեղ գործունեություն ծավալելն ավելի շահավետ է և զերծ են մնում որոշակի հարկերից ու մաքսատուրքերից: Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի միջոցով կարող են ստանալ խորհրդատվություն և աջակցություն ցածր տոկոսադրույքով տրվող վարկերի տեսքով:
Ռուսաստանցի գործարար Արմեն Մխոյանը Արմավիրի նախկին Սարդարապատ գործարանի մի հատված սեփականատերն է: Ձեռնարկությունը աշխատել է 3 տարի և 2008-թից դադարել իր գործունեությունը: Գործարանի սեփականատերը առաջարկեց ներդրումներ կատարել նախկին միութենական ճանաչում ունեցող պահածոների գործարանում:
Ֆորումի ժամանակ գործարարների ներգրավմամբ ստեղծվեց հոգաբարձուների խորհուրդ, որը մարզի 2015—2018 թթ սոցիալ տնտեսական զարգացման ծրագրի դրույթներից ելնելով կքննարկի անհրաժեշտ խնդիրներն ու կձեռնարկի հստակ քայլեր: Առաջարկություններն ուղղված են գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելուն:
Ֆորումի ընթացքում մոսկվաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին շնորհվեց Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացու կոչում և պարգևատրվեց «Երվանդ թագավոր» ոսկե մեդալով: