Հասարակություն

Հայտարարվել է հետախուզում. դանակահարություն գարեջրատանը՝ բարձր երաժշտության պատճառով

Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած սպանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել  Ավետ Միքայելի Օհանջանյանի նկատմամբ, հայտնում են Քննչական կոմիտեից։

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Օհանջանյանը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանի տնօրենի աշխատասենյակում սեպտեմբերի 27-ին վիճաբանել է գարեջրատան համասեփականատերեր Ա.Հարությունյանի, Ս.Սենեքերիմյանի և տնօրեն Ա.Փարսադանյանի հետ` երաժշտության ձայնը բարձր լինելու հարցի կապակցությամբ, ապա իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել նշված երեք անձանց ու դիմել փախուստի։

Արդյունքում` Ա.Հարությունյանին պատճառվել է ձախ ձեռքի արմնկային հատվածի վնասվածք, Ս. Սենեքերիմյանին` որովայնի խոռոչի թափանցող ծանր վնասվածք, իսկ Ա. Փարսադանյանին` կրծքավանդակի շրջանում ծանր վնասվածք, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Ավետ Օհանջանյանին ներգրավել որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:

Ա.Օհանջանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ցուցադրել ավելի
Back to top button