ԿարևորՔաղաքական

Քլարկը ձեռնպահ է մնում Բաքվում քննարկել մարդու իրավունքների հետ կապված հարցերը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում, եռօրյա պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր Հելեն Քլարկը քիչ առաջ հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այնուհետև նրանք ներակայացել են լրատվամիջոցներին ու պատասխանել հետաքրքրող հարցերին:

Բաքուն համառորեն հրաժարվում է  մարդասիրական ուղղությամբ ուղիղ շփումներից, ինչի հետևանքով հայ գերին, որ սխալմամբ հայտնվում է Ադրբեջանում, մահանում է այնտեղ: Պատրաստվո՞ւմ է արդյոք Հայաստանից Վրաստան, այնուհետև Ադրբեջան մեկնող Քլարկը քննարկել այնտեղ Մարդու իրավունքների հետ կապված հարցեր, լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան՝  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորը պատասխանել է, որ Բաքվում քննարկելու է ՄԱԿ-ի ծրագրերի հետ կապված հարցեր:

ՄԱԿ-ի ԳԱ  նստաշրջանում Ադրբեջանի արտգործնախարարն իր ելույթում շեշտեց միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների մասին և կարևորեց դրանց կողմից ընդունված բանաձևերն ու փաստաթղերը ԼՂՀ գործընթացում:

Իրականում այդ բանաձևերն ի՞նչ կարևորություն ունեն, լրագրողների հարցին Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. « Հիշատակված կազմակերպությունների շարքում չկա ԵԱՀԿ ՄԽ-ը և համանախագահները, որոնք զբաղվում են ղարաբաղյան խնդրով  և ունեն միջազգային հանրության կողմից մանդատ միջնորդության: Այն կազմակերպությունները, որոնց հիշատակել է Ադրբեջանի ԱԳՆ  ոչ միայն չունեն այս մանդատն, այլև չեն զբաղվում այս հարցով: Բաքվի փորձն է բանակցությունները տեղափոխել այլ ձևաչափեր, որտեղ պատկերացում չկա խնդրից»:

Դա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը այն սկզբունքների հիմնան վրա, որն առաջարկում է ԵԱՀԿ ՄԽ-ն և որն ընդունելի է միջազգային հանրության համար, ավելացրեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button