Հասարակություն

Ստեփանակերտում նշում են քաղաքի տոնը՝ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման լուրի ներքո

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Արցախի մայրաքաղաքը նշում է քաղաքի օրը: Ստեփանակերտում մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել է նաև Երևանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Այսօր առավոտից Ստեփանակերտի թաղամասերում, պուրակներում հնչում էր տոնական երաժշտությունը, համերգային ու մարզական -ցուցադրական ելույթներ էին տեղի ունենում: Մի շարք ցուցահանդեսներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են ինչպես արդեն ճանաչված նկարիչներ, այնպես էլ երեխանները, ովքեր արվեստի ասպարեզում առաջին քայլերն են անում: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում բացօթյա ցուցահանդեսը նաև պաշտոնատար անձիք են այցելել նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:  Ստեփանակերտում է նաև Երևանի պատվիարկությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Ընդունված արարողակարգի համաձայն այսօր նաև այցելություն է եղել Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ Արցախյան ազատամարտի նահատակներն են հանգչում: Քաղաքում ազգային ավանդական խաղեր և մարզական մրցումներ են տեղի ունեցել, ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառք է կազամկերպվել: Մարտունի փողոցում բացվել է Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրին:

Տոնական տրամադրությունը այս տարի սակայն փոքր – ինչ մթագնել է քաղաքապետարանի վերջին որոշումներից մեկի պատճառով: Հոկտեմբերի 1-ից նախատեսվում է քաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձարցնել ավելի քան 40 տոկոսով: Արդեն մի շաբաթ է երիտասարդական տարբեր խմբեր այդ որոշման դեմ ակցիաներ են սկսել:Քաղաքի օրվան ընդառաջ երկու անգամ նաև քաղաքապետարան են դիմել: Առայժմ՝ ապարդյուն:

Քաղաքի տոնը ուղեվարձի բարձրացման դեմ հրապարակային ելույթները դադարեցնելու առիթ էր: Նախաձեռնության անդամները նաև քաղաքապետարան հանձնված նամակի պատասխանին են սպասում: Այդ նամակով նրանք բողոքարկել են քաղաքապետարանի որոշման իրավական կողմը: Նշեմ, որ առայժմ ստեփանակերտցիները տրանսպորտի համար վճարում են 70 դրամ։ Եթե քաղաքապետարանը որոշումը չփոխի, ապա երեք օր հետո ուղեվարձը կլինի 100 դրամ: Երիտասարդները մտադիր են շարունակել պայքարը: Հարցը նաև ԱԺ Դաշնակցություն խմբակցությունն է բարձարցրել։

Ցուցադրել ավելի
Back to top button