Հասարակություն

Մարտակերտից չեն արտագաղթում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ- Երեւան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում ջրարբիացման ծրագրերի շնորհիվ ոռոգելի են դարձել 15 հազար հեկտար հարթավայրային հողերը: Սակայն դա լրիվ բավարար չէ ոռոգման համար։ Մարտակերտ քաղաքում ոռոգման ջուր չկա, իսկ խմելու ջրի շուրջօրյա մատակարարման նպատակով՝ քաղաքի  ներքին ցանցը բարելավվում է։ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումն էլ ավելի կնպաստի մարտակերտցիների  կյանքի որակի փոփոխությանը, ասում են տեղացիները։

Մարտակերտի շրջանում  անտառային հողերի մակերեսը զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսական նշանակության հողահանդակների  տարածքին: Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է  ու գյուղատնտեսությունը, հիմնականում զբաղվում են հացահատիկի մշակությամբ:

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը նշում է, որ  բնակավայրերի առանձնահատկություններից ելնելով տարբեր զարգացման ծրագրեր են ներդրվում։ Անասնապահության զարգացման նպատակով դրական քայլեր արդեն արվել են:  20000-ից ավելի բնակչություն ունեցող Մարտակերտի շրջանում հաշվառված է գրեթե  11000 խոշոր եղջերավոր անասուն: Աֆրիկյան ժանդախտից հետո  խոզերի գլխաքանակի զգալի անկում կա: Գյուղացիներն արդեն թերահավատորեն են վերաբերում խոզապահությանը, թեպետ վարչակազմի ղեկավարի տեղեկացմամբ՝  բնակիչները դժվարացել ու թերացել  են իրականացնել անասնագոմերի սանիտարահիգիենիկ միջոցառումները, սակայն մտադրությունից չեն հրաժարվել ու դարձյալ շարունակելու են պահել։

Ոռոգման ջրի խնդիրն էլ աստիճանաբար լուծվում է և հարթավայրի 15000 հա հողեր արդեն ոռոգելի են դարձել։ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի  բնակիչները չեն դժգոհում ապրելակերպից, իրենց գյուղնշանակության հողերում մշակում են այն, ինչն անհրաժեշտ է ապրուստի  համար՝ բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր։

Մարտակերտ քաղաքում դրական տեղաշարժեր նույնպես նկատելի են, ենթակաուցվածքներից խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, որից հետո քաղաքը կունենա շուրջօրյա ջրամատակարարում, իսկ հաջորդ տարում սպասվում է քաղաքի ճանապարհների ասֆալտապատում և բարեկարգում, որի  մասին տեղեկացնում է  Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը։

Մարտակերտում ապրում է ավելի քան 4500 բնակիչ։ Քաղաքապետի խոսքով՝ բնակավայրից արտագաղթողներ չկան, իսկ բնակչության թիվն էլ տարեցտարի աճում է, ապրում ու աշխատում են տեղում։

«Հայաստան» համայակական հիմնադրամի միջոցներով  կառուցվում է  Վարդենիս-Մարտակերտ նոր ճանապարհը, որի աշխատանքներն  ընթացքի մեջ են:  Լեռներով անցնող օձագալար ճանապարհն առայժմ հարթեցվում և ընդլայնվում է, ավարտից հետո այն կարող է  նպաստել նորանոր  ծրագրերի ներդրմանն ու շրջանների զարգացմանը։

Մարտակերտի շրջանի համայնքների ճանապարհները հողային հունով են, անբարենպաստ եղանակներին ու ձմռանը՝ դժվարանցանելի: Վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ  մասամբ կարողանում են իրենց ներքին ուժերով հարթեցնել հողային ճանապարհները: Իսկ Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման նպատակով նոր ներդրումային ծրագրեր են իրականացվում: Ռուսաստանաբնակ տոնաշենցի և մատաղիսցի գործարարները Մարտակերտի շրջանի անտառային տարածքներում հանգստյան գոտիներ են կառուցում։

Ցուցադրել ավելի
Back to top button