ԿարևորՏնտեսական

Կան սեփականատերեր, բայց ոչ ստրկատերեր. ՓՁԶՀՄ- ն Ոսկու շուկայի տիրոջ մասին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում կան սեփականատերեր, բայց ոչ ստրկատերեր,եւ ոչ մեկն ու ոչ մի օրենք իրավունք չի տալիս որոշ սեփականատերերի բռնանալ իր աշխատողների՝ սեփական իրավունքները պաշտպանելու իրավունքի վրա, լրագրողների հետ հանդիպմանն այսօրհայտարարեց Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը: Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից իր աշխատողների հանդեպ վերաբերմունքը Ասլանյանը բնորոշել է մարդկային երեւակայությունից դուրս արարք։

Եթե Հայաստանում կա քաղաքական որեւէ առողջ ուժ, ապա այն պետք է համապատասխան գնահատական տա 2 օր առաջ Երեւանի ոսկու շուկայում տեղի ունեցածին ու կոնկրետ քայլեր ձեռնարկի այդ կապակցությամբ: Հայտարարության հեղինակը Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանն է: Հիշեցնեմ՝ սեպտեմբերի 25- ին մի քանի տասնյակ փոքր ձեռարկատերեր բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից: Սրանով, կրկին հիշեցում, փոքր ձեռնարկատերերի համար իջեցվում է շրջանառության հարկի շեմը, սակայն, միաժամանակ, ձեռնարկատիրական գործունեությունն ամբողջությամբ փաստաթղթավորելու պարտավորություն է դրվում փոքր ու միջին ձեռնարկատերերի վրա, ինչը, Ստեփան Ասլանյանի համոզմամբ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անիրականանալի է հայաստանյան իրականության մեջ։

Իսկ մինչ առեւտրի իրականացման տարբեր վայրերի ներկայացուցիչները հանրապետության վարչապետին օրենքը ետ կանչելու իրենց խնդրանքն ու հորդորն էին ուղղում խաղաղ կերպով, Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը ցասումով հրամայում էր կոտրել ու փողոց նետել ոսկու առեւտրով զբաղվող այն ձեռնարկատերերի սեղանիկները, ովքեր հայտնվել են կառավարության բակում:

Փոքր ձեռնարկատերերի շահերի պաշտպանությունը ստանձնած միության նախագահ Ստեփան Ասլանյանը լրագրողների հետ հանդիպման էր եկել կատարվածի վերաբերյալ հստակ ձեւակերպմամբ. «Սա ընդամենը վանդալիզմ է: Հարգելիներս, կան սեփականատերեր, բայց ոչ ստրկատերեր, այդ մարդիկ ձեր ստրուկները չեն, որոնց դուք պարտադրում եք գնալ իրենց իրավունքները պաշտպանելու կամ չպաշտպանելու: Մենք թույլ չենք տալու»,- ասում է։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է պատրաստվում Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միությունը թույլ չտալ փոքր ձեռներեցների շահերի նման ոտնահարումներ: Միության նախագահը որպես առաջին քայլ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ու հարկ է համարում լրատվամիջոցների միջոցով դատապարտել արարքն ու փոխանցել իր վրդովմունքը։ «Մարդիկ, ովքեր հանապազօրյա հաց են վաստակում, իրենց աշխատատեղից կառչած են: Նրանք ստրուկի կարգավիճակուն են հայտնվել երեւի: Վախի մթնոլորտ կա»։

Ուրիշի սեփականությունը վտանգելու քրեական տարրեր պարունակող գործով, սակայն, ոստիկանությանը չեն դիմել ոչ տուժած ձեռներեցները, ոչ էլ միությունը: Ստեփան Ասլանյանը չի հերքում՝ այո, փոքր ձեռներեցները հաճախ վախենում են ու խուսափում առճակատումից: Միությունն էլ թեեւ ունի հստակ գնահատական, որ սա անվայել ու հանցագործ արարք է, բայց դեռ գերադասում է իր հետագա քայլերից առաջ նախ ոսկու շուկայի սեփականատիրոջը լսել:

Ընդ որում՝ նույն միությունը դեռ տուժած ձեռնարկատերերին չի հանդիպել: Միության նախագահը դեռ իրեն հասած տեղեկություններն է փոխանցում4 Ոսկու շուկայի ղեկավարությունը տեսախցիկի առջեւ հայտարարում է՝ ինչեւէ, մարդ է, թող շարունակեն աշխատել, բայց իրականում բողոքի ցույցի դուրս եկած ձեռներեցերին 15-օրյա ժամկետ է տվել մինչ նրանց հետ աշխատանքային պայմանագրի լուծարումը: Մամուլը գրեց նաեւ՝ Վաղարշ Աբրահամյանն ինքն է իր աշխատողներին ուղարկել ցույցի, իսկ իր վարքով պարզապես ուզում է հաճոյանալ իշխանություններին։ «Ես տեղեկություններ չունեմ, բայց ըստ այլ լուրերի՝ նման բան չկա»,- ասում է Ստեփան Ասլանյանը։

Միությունում առաջիկա անհրաժեշտ քայլերից են համարում նոր արհմիության ստեղծումը, քանի որ համոզված են՝ ներկայիս արհմիությունների կոնֆեդերացիան մեռած կառույց է: Իսկ մինչ այդ՝ «Շրջանառության մասին» նոր օրենքն իրենց թիկունքին հարված համարող փոքր ձեռներեցները պատրաստվում են բողոքի ակցիան տեղափոխել արդեն Ազգային ժողովի մոտ։

Back to top button