«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքը հայտարարում է «Բաց դռների օր»


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 29-ը ՄԱԿ-ը հռչակել է սրտի առողջության միջազգային օր: Այդ օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքը հայտարարում է «Բաց դռների օր»: Դիմողները կենտրոնում կստանան անվճար խորհրդատվությու, հետազոտություն և բուժում: Ակցիան կտևի այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ լինի, ասում են կենտրոնի բժիշկները։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սրտային հիվանդություններով մահացության դեպքերը գրավում են առաջին տեղը: Ծխելը, գիրությունը, ֆիզիկական քիչ ակտիվությունը, խոլեստերինի մակարդակին չհետևելը, շաքարային դիաբետի անվերահսկելիությունը, զարկերակային ճնշման բարձրացումը բերում են սրտային հիվանդություններով մահացությունների աճին։ «Էրեբունի> բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքը սեպտեմբերի 29-ին հայտարարում է «Բաց դռների օր»: Նման ակցիայի նպատակն է վաղ հայտնաբերել հիվանդությունը, որն էլ բժիշկներին հնարավորություն կտա հիվանդին ապահովել որակյալ կյանքով, նշում է «Էրեբունի» ԲԿ փոխտնօրեն Միքայել Մանուկյանը։
Տեղեկացնենք, որ անվճար բուժօգնության մեջ չեն մտնի ծանր վիրահատությունները, քանի որ դրանք կապված են ֆինանսական մեծ հարցերի հետ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանը նշում է, որ սրտային հիվանդությունների պատկերը նվազման միտում չունի, ավելին՝ այն երիտասարդացել է, քանի որ ռիսկային գործոնները շատ են տարածված:
Մասնագետները խորհուրդ են տալիս ակցիայի շրջանակներում դիմել բժշկի և ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն ու բուժում: Ցանկացողները կարող են դիմել առանց հերթագրման: Հիվանդները, բժիշկների վստահեցմամաբ, երկար չեն սպասելու։ «Կաշխատենք օպերատիվ ախտորոշում և օգնություն ցույց տալ, զուգահեռ կգործե նույն պրոֆիլի կաբինետներ, որը թույլ կտա արագ սպասարկել»։
Սրտի հիվանդություններից վտանգավորը սրիտի իշեմիկ հիվանդությունն է և դրա սուր ձևը՝ սրտամկանի ինֆարկտը, որին բնորոշ գանգատն է կրծքավանդակի ցավը և զարկերակային ճնշման տատանումները: Սրտամկանի ինֆարկտների հայտնաբերումն այսօր ավելի լավ վիճակում է, քան՝ 10 տարի առաջ, ասում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը։ «Այսօր հիվանդը, որն ինֆարկտով գալիս է հիվանդանոց, չենք վախենում, որովհետև մենք կարող ենք 20 րոպեի ընթացում ինֆարկտի հարցը փակել և չթողնել այն զարգանա»։
Այս ակցիան հատկապես միտված է թեթևացնելու անվճարունակ խավերի հոգսը՝ հնարավորություն տալով հետևել առողջությանը և չսպասել մինչև դանակը ոսկորին հասնի։