Ավանում ապրում են՝ հուսալով, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան համայնքում տեացիները հոգսերի պակաս չունեն: Նրանց հուզող ամենահրատապ խնդիրները ոռոգման ու խմելու ջրի խնդիրն է։ Ամուսնության տարիքի հասած երիտասարդների չամուսնանալու պատճառն էլ՝ բարձր տոկոսադրույքներով վերցրած գյուղվարկերն են։
Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց ու շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը, բոլորին մեկ հարց էր հետաքրքրում՝ ինչպե՞ս վերադարձնել բանկերում խնայած ավանդները։ Շուրջ 24 տարի է անցել, այժմ էլ մեր երկրի բնակիչների մեծ մասի ընտանիքներում կրկին խոսակցության հիմնական թեմաներից մեկը բանկերն են՝ անկախ Հայաստանի պատմության ընթացքում բացված բանկերը: Իսկ շատ քիչ ընտանիքներ կգտնվեն, որոնք բանկերի հետ կապված խնդիրներ չեն ունենա:
Եթե նախկինում որևէ գյուղ այցելելիս տեղացիները դժգոհում էին սոցիալական պայմաններից, գործազրկությունից ու արտագաղթից, այժմ խնդիրները ենրկայացնելիս առաջին հորիզոնականում բարձր տոկոսադրույքներով վերցրած գյուղվարկերն են: Այսպես էր նաև Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան համայնքում: Առաջին իսկ պատահած գյուղացին առաջինն անդրադարձավ նշված խնդրին։ «Ժողովրդին տրամադրեցին վարկեր` բարձր տոկոսադրույքներով։ Ժողովուրդը փոխանակ վերցրած վարկով կարողանար անասունը շատացներ՝ հակառակը տեղի ունեցավ։ Նախապես տեղի ունեցածը վաճառեց, որ կարողնարար վարկը փակել։ Գյուղացիներս անելանելի վիճակում ենք հայնտվել»,- ասում են նրանք։
Ավանում կարող են խնձոր, տանձ և ընկույզ աճեցնել: Եթե տարին բարենպաստ լինի, շուրջ 100 տոննա խնձոր կարող են մթերել։ Ընկույզի պաշարներն էլ 50 տոննայի են հասնում, փաստում են գյուղացիները։ Սա, սակայն, եթե ամեն ինչ լավ լիներ, իսկ ավանցիների համար վերջին ամիսները, մեղմ ասած, բարեհաջող չէին։
Ամռան շոգին ոռոգման և խմելու ջուր չունեին: Կորցրեցին ամեն ինչ: Ասել, որ աշխատանք չկա, ճիշտ չի լինի, անասուն պահում են, պարզապես արդյունքը չեն տեսնում: Համայնքի երիտասարդները գործազուրկ են։ Բնակիչներին, սակայն, այլ բան է անհանգստացնում, ավելի շատ, քան՝ գործազրկությունը։ «Արդեն երիտասարդների ամուսնական տարիքն անցնում է՝ 30, 40, 50 տարի, ժողովուրդ ի վիճակի չի ստեղծելու, արարելու, որ կարողանա ամուսնանալ: Երեք-չորս տղամարդ մի տան մեջ են ապրում, չեն կարողանում մի կառույց կառուցել, որ ամուսնանան, ապրեն»,- ասում են։
Խհրդային տարիներից մնացած հիշողությունները նաև աշխատատեղերին են վերաբերում, սովխոզ կար, կոլխոզ, այսօր, սակայն, ոչինչ չունեն: Ապրում են՝ հուսալով, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու։