Չեքիջյանն իր ողջ կյանքը նվիրեց Կոմիտասի ստեղծագործություններին


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ. ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված գիտական նստաշրջանը։
Հովհաննես Չեքիջյանը երգարվեստում թողել է նշանակալից ավանդ: Ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր, արժանացել է ՀԽՍՀ, ԽՍՀՄ և ալ պետական մրցանակների: 85-ամյա հոբելյանը նշելու օրվա ընտրությունն էլ պատահակ չէր ընտրված: Այն ունի երկու կարևոր խորհուրդ: Այսօր Կոմիտասի ծննդյան 145-ամյակն է: Ի շնորհիվ Հովհաննես Չեքիջյանի կատարողական բարձր արվեստի՝ Կոմիտասի ստեղծագործությունները տարածվել են աշխարհով մեկ: «Այս մարդն իր ամբողջ կյանքը նվիրեց Կոմիտասի ստեղծագործություններին»,- ասում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
1961 թվականին հենց սեպտեմբերին հայրենադարձեց մաեստրոն և իր գործունեությունը ծավալեց այստեղ՝ ողջ ներուժը ներդնելով հայ երաժշտարվեստը զարգացնելու գործին։ Չեքիջյանը նշանակվեց Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Նրա ղեկավարությամբ երգչախումբը կատարում է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։
Բեղուն գործունեության ընթացքում մաեստրոն հայրենիքում հայ հանդիսատեսին է ներկայացել ավելի քան 4000 համերգներով, իսկ 864 համերգ էլ ունեցել է հայրենիքից դուրս ՝67- ը սիմֆոնիկ նվագախմբի հետ: «Շատ հուզված եմ, որովհետև շատ ուրախալի ժամեր պետք է անցկացնեմ, ակադեմիայի ուշադրությանն արժանանալն ահագին բան է: Սիրտս բարձրացել է: Ժողովրդի հետ շփված մարդ եմ, բայց և այնպես, եթե դահլիճում 60 հազար մարդ է հավաքվում, դա փոքրի թիվ չէ, բայց այստեղ վախենում եմ, որովհետև իմ ամենօրյա գործը չեմ անելու»,- ասում է մաեստրոն։
Հովհաննես Չեքիջյանի ստեղծագործական կյանքն ու անցած ուղին մեր մշակույթը ճանաչելի է դարձրել ողջ աշխարհում: Երաժշտությունը ճշգրիտ գիտություն է և այն պետք է կատարել ճիշտ, իսկ դա կարողանում էր անել Հովհաննես Չեքիջյանը, ասում են Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: