ԿարևորՔաղաքական

ՄԱԿ-ը եկեղեցի չէ, գլխավոր քարտուղարը՝ խոստովանահայր. ԱԳ նախկին նախարարը դրական է գնահատում ՀՀ նախագահի ելույթը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահի ելույթը ընդհանուր համատեքստում դրական է գնահատել ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Հիշեցնելով, որ ինքը շատ լավ տիրապետում է ՄԱԿ-ի անցուդարձին եւ մեծ փորձ ունի՝ պատգամավորը նշել է, որ ելույթը սպասարկեց մեր արտաքին քաղաքական շահերը։

Նախկին արտգործնախարարի դիտարկմամբ՝ ելույթի թերևս միակ թերությունն այն էր, որ քիչ խոսվեց ՄԱԿ-ի դերի բարձրացման մասին։ Սակայն, Ալեքսանդր Արզումանյանի ձեւակերպմամբ, դա էլ հասկանալի էր՝ ժամանակի խնդրով պայմանավորված։ «Պետք է հասկանալ, որ ժամկետային ինչ-որ սահմանափակումներ կան: Պետք է գիտակցենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն անցնելու է հաջորդ տարի եւ սա բացառիկ հնարավորություն է, որ մենք ունենք հնարավորություն ցանկացած միջազգային ֆորումում բարձրաձայնել հարցը եւ  մի քանի րոպեների ընթացքում խոսել մեր մոտեցումների եւ, ընդհանրապես, այդ ողբերգության մասին»։

Փորձագետ Ալեքսանդր Մանասյանը նկատեց եւ կարեւորեց այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի ելույթում Հայոց ցեղասպանության մասին խոսելիս նախագահը չօգտագործեց «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» ձեւակերպումը։ «Տեսականորեն եւ քաղաքականորեն ճիշտ է, որովհետեւ ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ միայն Օսմանյան կայսրույունում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս եւ ոչ միայն Օսմանյան կայսրությունն է այդ քաղաքականությունը տարել, այլ նաեւ նրան փոխարինած հանրապետական Թուրքիան՝ Թուրքիայի Հանրապետությունը»։

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ ի հակակշիռ Ադրբեջանի բավականին երկարատեւ շահարկումների, ի վերջո, ՄԱԿ-ի ամբիոնից հստակ բացատրվեց, որ Հայաստանը ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերի հետ  որեւէ խնդիր չունի: Թե փորձագետ Ալեքսանդր Մանասյանի, թե նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ՝  ճիշտ էր, որ նախագահը հենց այդ ամբիոնից անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին:

«Ես ինքս այդ արձանագրություններին՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը կողմնակից լինելով, այնուամենայնիվ տեսնում էի, որ վտանգավոր կետեր կային։ Մասնավորապես՝ պատմաբանների հանձնաժողովը և այն, որ ակնհայտորեն  Թուրքիան առաջին իսկ վայրկյանից՝ ստորագրման թանաքը դեռ չչորացած, հայտարարեց, որ առանց ԼՂ հարցի կարգավորման որեւէ առաջխաղացում չակնկալեն»,- ասաց Արզումանյանը։

Արձանագրությունների խնդրին անդրադառնալով՝ փորձագետ Ալեքսանդր Մանասյանը կարծիք հայտնեց, որ ամբողջ գործընթացը բացահայտեց Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվ բնույթը եւ, գուցե, պետք էր ավելի շուտ խնդիրն առաջ քաշել։ «Գնդակը երկար ժամանակ նրա դաշտում է: Չի խաղում եւ այդ խաղն անիմաստ է դարձել»,- նկատեց փորձագետը։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի զարգացումների ֆոնին մեր քայլը նոր ու հրատապ իմաստ է ստանալու, համոզված է փորձագետը: Ի պատասխան հարցադրմանը, թե հնարավոր է,  որ արձանագրությունները «գրողի ծոցն» ուղարկելուն նոր փուլ հաջորդի,  Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, թե նոր փուլ չի սկսվի, այլ կլինի «վերադարձ ի շրջանս յուր». «Ինչպես չկային հարաբերություններ, այնպես էլ հիմա չկան»։

Արձագանքելով դիտարկմանը, որ միայն 5 տարի անց խոսվեց արձանագրությունները հետ կանչելու մասին՝ Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ այդ հարցը միշտ էլ հրատապ եւ օրախնդիր է եղել եւ ճիշտ էր այն այդ բարձր ամբիոնից հնչեցնելը: Ինչ վերաբերում է նախագահի ելույթում մեջբերված «գրողի ծոց» ժողովրդական արտահայտությանը. նախկին արտգործնախարարի խոսքով՝ «Դա ընդամենը իդիոմատիկ հայտարարություն է, որը նաեւ բավականին լավ թարգմանվել էր անգլերեն: Ես այդտեղ հայհոյանք չեմ տեսնում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ես այնպիսի հայհոյանքներ եմ լսել, այդ դահլիճը այնքան բաներ է տեսել, որ սա նույնիսկ քննարկման հարց չի: ՄԱԿ-ը եկեղեցի չէ, և գլխավոր քարտուղարը խոստովանահայր չէ, որ գնաս, քո մեղքերը խոստովանես: Դու պետք է գնաս եւ փորձեց քո երկրի շահը առաջ տանես»։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button