Հասարակություն

Եզիդների ուխտի օրը Հայաստան կժամանի նաեւ Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի պատգամավորը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 29-ը համայն եզդիների ուխտի օրն է: Այս տարի այդ օրը նախատեսվում է նաեւ Ակնալճի եզդիական սրբատեղիի տարածքում «Հայ-եզդիական բարեկամություն» հուշահամալիրի հանդիսավոր բացումը: Սակայն այս անգամ համայն եզդիների ուխտի օրն ավելի շուտ ոգեկոչման միջոցառում է լինելու։ Այն նախորդ տարիների պես տոնական չի լինի, չի կարող լինել, քանի դեռ Իրաքում շարունակվում են եզդիների տեղահանումն ու ջարդերը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է եզդիների «Սինջար» միավորման նախագահ, Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Բորիս Մուրազին:

Իրաքում Շանգալի եզդիների պաշտպանության ջոկատը վերջին օրերին մարտական գործողություններում բավականին մեծ հաջողություններ է արձանագրել: Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ ավիացիայի օգնությամբ միայն եզդիական տարածաշրջանում սպանվել է 150-ից ավելի ահաբեկիչ: «Իհարկե, տարածաշրջանն ամբողջությամբ ազատագրված չէ, բայց այդ գործողությունները կարելի է հաջողված համարել»,- նշում է  եզդիների «Սինջար» միավորման նախագահ, Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Բորիս Մուրազին:

Ուժեղ հակահարվածից հետո, ըստ նրա, իսլամիստները հուսահատ քայլերի են դիմում. եզդի կանանց որպես «կենդանի վահաններ» են օգտագործում: «Այսօր ահաբեկիչներն իրենց մոտ պահում են 5000 եզդի պատանդների, զոհերի թիվն օր օրի ավելի է մեծանում։ Ջարդերը շարունակվում են, տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են շրջափակման մեջ գտնվել Սինջարի լեռում: Այնտեղ շատ քիչ ջուր եւ սնունդ է հասնում որպես օգնություն»,- ասում է։

Այսօր հստակ ասել, թե քանի եզդի է ջարդերին զոհ գնացել, դժվար է, նկատում է Բորիս Մուրազին: Ավելի հստակ են ահաբեկչական գործողությունների հետեւանքով փախստական դարձած եզդիների թվերը՝ շուրջ 450 հազար։ Նրանք ապաստան են գտել Թուրքիայում, Սիրիայում, այլ երկրներում: «Սակայն այս պահին վտանգված են նաեւ Սիրիայում ապաստանած եզդիները: Իսլամիստ ծայրահեղականները, քրդաբնակ Քոբան մարզի գրավումից հետո առաջ շարժվելով, կարող են հասնել եզդիական ճամբար, որտեղ 120 հազարից ավելի մարդ կա»,- մտահոգվում է  եզդիների «Սինջար» միավորման նախագահը:

Անդրադառնալով Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին ՀՀ կառավարության տրամադրած 100 հազար դոլար օգնության փոխանցմանը ՝ Մուրազին հայտնեց՝ իրենք դեռ տեղեկություն չունեն՝ հասե՞լ է այն տեղ, թե՞ ոչ։ «Մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ ԱԳՆ, սպասում ենք պատասխանին: Բայց դեռ Իրաքից էլ ինֆորմացիա չունենք, որ Հայաստանի կողմից օգնությունը տեղ է հասել: Որոշվել է օգնությունը գումարային տեսքով ՄԱԿ-ի միջոցով փոխանցել Իրաքի գրասենյակ, եւ այնտեղ անհրաժեշտ ծախսեր կատարել եզդիների համար»։

Սեպտեմբերի 29-ը համայն եզդիների ուխտի օրն է: Այս տարի այդ օրը՝ ժամը 12-ին, Ակնալիճ գյուղի եզդիական սրբատեղիի տարածքում հանդիսավորապես կբացվի «Հայ-եզդիական բարեկամություն» հուշահամալիրը: Կոթողն ունի 7 մետր սլացք` մարմնավորելով ու մեկտեղելով հայկական քրիստոնեական խաչը, խոյակները, եզդիական արեւը եւ սիրամարգը։

Կենտրոնական հուշարձանի կողքերին տեղակայված են եզդի ժողովրդի արժանավոր զավակներ Ուսուբ բեկի, Ջհանգիր աղայի եւ նրանց լավ բարեկամ Անդրանիկ զորավարի հուշարձանները: Հուշահամալիրում տեղ է գտել նաեւ Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված  «Ոգեկոչում» հուշաքարը։ Հայ մեծերի, մասնավորապես Կոմիտասի արձանները եւս այստեղ տեղ կունենա: Մտահղացման հեղինակը Սերգո Երիցյանն է, քանդակագործը՝ Տիգրան Յուխանյանը: Գաղափարի իրագործումը հովանավորել է մոսկվայաբնակ գործարար Միրզա Սլոյանը: Եզդիական սրբավայրի բացմանը Հայաստան կժամանեն մի շարք եզդի պաշտոնյաներ, ինչպես նաև Իրաքի միակ եզդի պատգամավոր տիկին Վիան Դախիլը։

Ցուցադրել ավելի
Back to top button