Հասարակություն

Գարեգին Բ հովվապետական այցը՝ Հնդկաստան

Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցի այցով է սկսվալ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Հնդկաստան։ Եկեղեցու հարակից գերեզմանատանն աղոթք է մատուցվել ննջեցյալների հոգիների հանգստության համար, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն այցելել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել հնդկահայոց համայնքի անդամների հետ, նաև օրհնել և բժշկության աղոթք կատարել ծերանոցի բնակիչների համար: Հանդիպումից հետո եկեղեցու գերեզմանատանը կատարվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հնդկաստանում ապրած հայորդիների:

Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է նաեւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան, որտեղ ճեմարանի պաշտոնեությունը և աշակերտներն ավանդական աղ ու հացով դիմավորել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին` առաջնորդելով ճեմարանի դահլիճ: Հանդիսությունը սկսվել է Տերունական աղոթքով և Հայաստանի, Հնդկաստանի և ճեմարանի օրհներգերով: Այնուհետև Վեհափառ Հայրապետին ողջունել է ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը` հույս հայտնելով, որ Նորից Սրբության այցը կխանդավառի ճեմարանականներին` առավել ջանասիրությամբ և նախանձախնդրությամբ ուսանելու հեռավոր Հնդկաստանում:

Հանդիսության ընթացքում ճեմարանի երգչախումբը կատարել է նշանավոր հայկական, հնդկական և բենգալյան ազգային երգեր։ Ցերեկույթին ներկայացվել է նաև հնդկայահոց պատմությունը 17-րդ դարից մինչև մեր օրերը:

Հանդիսությունն ամփոփվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը շնորհավորել է համայնքին, ճեմարանի աշխատակազմին և աշակերտներին վերջին տարում արձանագրված հաջողությունների և առաջընթացի առիթով: Հայոց Հայրապետը հորդորել է մանկավարժներին շարունակել իրենց բարի և ազնիվ առաքելությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button