Այսօր մեծն Կոմիտասի ծննդյան օրն է՝ 145-րդ տարեդարձը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, ամբողջ կրծքով շնչում եմ Հայաստանի օդը։ Նրա գեղեցկությունն առինքնում է ինձ տիրաբար և անսանձ։ Երբ լսում եմ Կոմիտասի երաժշտությունը, շոգից ծարաված ճամփորդ եմ դառնում, որ պապակած շուրթերով խմում ու խմում է կարկաչահոս աղբյուրից։ Կոմիտասի երաժշտությունն էլ հենց այդ աղբյուրի պես է. կենարար, մաքուր ու բանաստեղծական։ Կոմիտասը եղել է, կա ու կմնա իմ ամենամեծ ուսուցիչը»,-Արամ Խաչատրյան։ Այսօր մեծն Կոմիտասի ծննդյան օրն է` 145-րդ տարեդարձը, հայ մեծանուն հանճարի անունը կրող զբոսայգում, ուր հանգչում է նաև նրա աճյունը, այսօր մարդաշատ էր: Ծաղիկներ շիրիմին, ելույթներ ու կոմիտասյան կատարումներ:
Երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, խմբավար, սրնգահար, մանկավարժ. բեղուն է եղել նրա գործունեությունը։ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ Նա մաքրեց հայ երաժշտությունն օտարամուտ տարրերից և ապացուցեց ողջ աշխարհին, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Լինելով հայ երաժշտության մեծ գիտակ՝ Կոմիտասը ստեղծեց հայ ազգային միաձայն մտածողության և եվրոպական բազմաձայնության ինքնատիպ սինթեզ։ Կոմիատասը զբաղվեց նաև խազերի ուսումնասիրությամբ ու ստեղծեց Պատարագ։
«Կոմիտասը մեզ տարավ դեպի միջնադար: Չլիներ Կոմիտասը հայ ժողովուրդն անհաղորդ կմնար միջնադարյան գոհարներին»,-ասում է կոմպոզիտոր Արզաս Ոսկնայանը:
Ողջ պատմական Հայաստանի հազարամյակների խորհուրդը կրող երաժշտությունը նախ և առաջ նշանակում է Կոմիտաս: «Կոմիտասը մեզ է փոխանցել հայ ժողովրդի ներքին աշխարհի ամենասուրբ, վեհ, առողջ ու հզոր բանականության կնիքը կրող շարժումները։ Կոմիտասյան պարզ ու խորը երգերի մեջ են թաքնված մեր ժողովրդի հոգու ամենաբարդ ծալքերը»,-կոմիասագետ Արթուր Շահնազարյանի խոսքերն են: «Կոմիտասը տվեց մեզ մեր ինքնաճանաչողության բանալին: Եկավ ասելու, որ մենք մենք ենք », -մաեստրո Տիգրան Մանսուրյանի ձևակերպումն է:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասյան սրահում այսօր տեղի ունեցավ «Երկու ժամ վարդապետի աշխարհում» խորագրով համերգ-ցուցադրությունը: «Կոմիտաս. Հայտնի ու անհայտ» խորագիրը կրող ցուցադրության մեջ ներառված ավելի քան վեց տասնյակ նյութերի մեծ մասը ներկայացվում է առաջին անգամ: Կոմիտասյան օրը երեկոյան կշարունակվի Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ կմեկնարկի մեծանուն հանճարի 145-ամյակին նվիրված «Կոմիտասյան օրեր» փառատոնը: