Պաշտոնական

Կառավարությունը կարևորում է գործարար և ներդրումային դաշտի բարելավումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգման խորհրդի 21-րդ նիստի մասնակիցներին։

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Երևան նոր թափ կհաղորդի ԱՊՀ երկրների միջև այս բնագավառում համագործակցության զարգացմանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է գործարար և ներդրումային դաշտի բարելավումը, այդ թվում` հարկային ոլորտի զարգացումը: «Այս համատեքստում Հայաստանի կառավարությունն առաջնային ուշադրություն է դարձնում հարկային և մաքսային ծառայությունների գործունեության բարելավմանը: Փոքր և միջին բիզնեսի համար մշակվել է հարկային քաղաքականության պարզեցման նոր ծրագիր, ներդրվել է հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, ստեղծվել է համապատասխան ենթակառուցվածք՝ հարկատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել նիստի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ: Նրանք նշանակալի են համարել Հայաստանում հարկային ծառայության բնագավառի զարգացմանն ուղղված քայլերը և կարևորել փորձի փոխանակումը:

Զրուցակիցները նշել են, որ ունեն ընդհանուր նպատակներ և իրենց առջև ծառացած խնդիրները, ինչպիսիք են՝ հարկային բնագավառում կարգապահության բարձրացումը, հարկատուների համար վարչարարության կրճատումը, հնարավոր կլինի լուծել միայն համատեղ ջանքերով:

Հանդիպման մասնակիցները վստահություն են  հայտնել, որ այդ նպատակները կիրականան նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և փորձի փոխանակման միջոցով, իսկ նման միջոցառումները  կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button