Իտալացի սենատորը դատապարտում է Դեր Զորի բարբարոսությունը


Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին Սենատոր Դե Բիազին Իտալիայի քաղաքական և հասարակական շրջանակների անունից դատապարտել է իսլամիստների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը՝ դատապարտելով այդ բարբարոսությունը և համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին:
Սենատորն այս հայտարարությունն արել է Իտալիայի Սենատում կազմակերպված «Հայերը. ցեղասպանություն և իտալական 20-րդ դար» խորագրով գիտաժողովի ժամանակ։
Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը նշել է, որ Միջին Արևելքի ներկայիս իրադարձությունները վառ ապացույց են, որ չպետք է դադարել ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և ժխտողականության մասին խոսելը: Նա մեծապես կարևորել է ցեղասպանությունների մասին հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և կանխարգելումը, այդ թվում՝ կրթության միջոցով:
Դեսպանը խոսել է նաև Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման, Միջին Արևելքում փոքրամասնությունների իրավիճակի մասին՝ նշելով, որ տեղի ունեցող վայրագությունները վկայում են, որ ցեղասպանության միտումներն ու վտանգն առկա են նաև մեր օրերում:
Ի դեպ՝ դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, դրանց թվում նշել է նաեւ Հռոմի դպրոցներից մեկի ավարտական դասարանի աշակերտներին ու նրանց ուսուցչուհուն, ովքեր 2013-2014թթ. ֆիլմ են պատրաստել Հայոց ցեղասպանության մասին: