Քաղաքական

Ինչ նպատակ է հետապնդում խորհրդարանական քառյակը «քաղաքական աշունը» թեժացնելուց բացի

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 10-ի դրությամբ եռյակ դարձած քառյակը դեռ հասկացվելու խնդիր ունի կոնկրետ գործընկերների՝ քաղաքական վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների շրջանակում: Քանի որ ոչ իշխանական այս քառյակը գործում է չափազանց փակ պայմաններում այսօր որոշ եզրակացություններ անելու համար նույնիսկ օգտագործվում են կողմնակի ազդակները: Ասենք՝ ով ում հետ է հանդիպում եւ ամենակարեւորը՝ որտեղ, ով ինչ է ակնարկում իր հարցազրույցներում, եւ արդյոք դրանից հետեւում է, որ արդեն միասնական առաջնորդի հարց է լուծվում:

Քաղաքական աշունը թեժացնելուց բացի ինչ նպատակներ է հետապնդում խորհրդարանական քառյակը: Եթե հասարակության մի հատվածը քաղաքական այս ուժերից կոնկրետ քայլերի ակնկալիք ունի, ապա վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների մեկ այլ հատված առայժմ կարիք ունի պարզապես հասկանալու՝ ինչ է իրենից ներկայացնում այդ քառյակը: Երկար ժամանակ է, ինչ քառյակի բոլոր հանդիպումները դռնփակ են՝ փոխանցում են լրագրողներին այն, ինչ ցանկանում են, առաջնորդների հանդիպումների դեպքում նույնիսկ սահմանափակվում են զուտ իշխանական, պաշտոնական հաղորդագրությունների սկզբունքով՝ «հանդիպեցին, քննարկեցին, պայմանավորվեցին, գնացին»:

Աշխարհի որեւէ երկրում ընդդիմադիր դաշտի համար այս սկզբունքը կիրառելի չէ, ասում է Ազատ Դեմոկրատներ կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը: Ի դեպ՝ քառյակի առաջնորդների հանդիպումների առումով նշենք, որ վերջին շրջանում պարզ է դառնում, թե ով ում է ավելի շատ գնահատում կամ կարեւորում այս կոալիցիայի ներսում: Համենայնդեպս իրենց հանդիպումներում ավելի ակտիվ են ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ղեկավարները, ընդ որում հյուրընկալվողի կարգավիճակում միշտ երկրորդն է: Արդյոք սա ազդակ է հասկանալու, թե ով է միասնական առաջնորդը այս քառյակում: Անուշ Սեդրակյանի համար այս մանրուքը դեռ ոչինչ չի բացահայտել:

«Այստեղ ես չեմ ուզում տեղանքով եւ աշխարհագրական սենյակով որեւէ բան որոշել: Ինձ թվում է, որ այս պարագայում, բնական է, որ Հայաստանում ինչպես ամեն բան քաղաքական իրադարձությունները նույնպես ակումուլացվում են ֆինանսական ավելի ուժեղ ռեսուրս ունեցող միավորի մոտ»:

Միասնական առաջնորդի, էլ չեմ ասում թեկնածուի մասին խոսակցությունները դեռ վաղ է համարում ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

«Դա քաղաքական ուժերի քննարկման թեման կարող է լինել կոնկրետ իրավիճակում արդեն, երբ որ այդ իրավիճակը ձեւավորվի նոր քաղաքական ուժերը համապատասխան կոնսուլտացիաներ կառաջարկեն: Եկեք առաջ չընկնենք, մենք դեռ այլ փուլում ենք»:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցից հետո կարծիքներ հնչեցին, թե սա քաղաքական այլընտրանքից ընդդիմության վերածվելու յուրօրինակ հայտ էր: Համադրելով առկա իրողությունները Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը եզրակացնում է.

«ԲՀԿ-ի համար օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բոլոր գործոնները հաշվի առնելով այլընտրանքի ստատուսը առավելագույնն է, որ նա կարող է անել քաղաքական դաշտում: Խոշոր գործարար մարդը այսպիսի քաղաքական համակարգով երկրում ուղղակի չի կարող կատարել այդպիսի ընտրություն: Այսպես ասեմ, անցյալում ոչ քիչ առիթներ են եղել այդ զոհաբերությունը անելու համար: Եթե նա չի արել, ապա առավել քան հիմա ես կասկածում եմ, որ դա կանի»:

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի խոսքերով, այսօր Հայաստանում շատ են գրպանային կուսակցությունները: Կոնկրետ քառյակի դեպքում նա չի վստահում ոչ մեկին:

«ԲՀԿ-ն հայտնի է, թե ով է ծնել, ԲՀԿ-ին սպասարկում է, ցավոք, նախկինում մեր գործընկերները ՀԱԿՆ-ն, նախկին ՀԱԿ-ի ներկայացուցիչները, Ժառանգությունը ինձ համար արդեն անհասկանալի է, Դաշնակցությունն էլ չես հասկանում իշխանություն է, թե ընդդիմություն: Դեսպաններ ունի, հյուպատոսներ, բոլոր տեսակի իշխանական օղակներում աշխատողներ ունի, բայց ընդդիմություն է խաղում: Միայն այս քառյակը չէ գրպանային կուսակցություն»:

Որոշ գնահատականներով մինչեւ միասնական հանրահավաքի օրը ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կա: Ինչ որ բան կարող է պարզվել հենց հանրահավաքի օրը, երբ երեւա, թե քաղաքական ուժերից ովքեր են կանգնած լինելու հարթակին:

Ցուցադրել ավելի
Back to top button