ԿարևորՔաղաքական

Իլյա Բ. «Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մահմեդական աշխարհում»

«Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մահմեդական աշխարհում»,- այսօր հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդը՝ վիրահայոց պատվիրակության հետ հանդպման ժամանակ, հաղորդում է apsny.ge- ն։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի հայերի միության, պատրիարքին առընթեր Միջկրոնական հարաբերությունների խորհրդի անդամները, բանաստեղծ Գիվի Շահնազարը։

«Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներում։ Միջազգային հարաբերությունները շատ են բարդացել։ Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մահմեդական աշխարհում։ Հիշում եմ իմ հանդիպումը Վատիկանում Հռոմի պապի հետ։ Նա վերցրեց քարտեզը, նայեց Վրաստանի եւ Հայաստանի աշխարհագրական դիրքին։ Ապա ասաց, որ Վրաստանն ու Հայաստանը շատ բարդ աշխարհագրական դիրքում են, որ նրանք քրիստոնեական օազիսներ են։ Ուստի մենք պետք է լինենք հատկապես ուշադիր միմյանց նկատմամբ։ Հաճախակի են դեպքերը, երբ մեր ժողովուրդների այս կամ այն ներկայացուցիչ՝ լինի վրացի, լինի հայ, անում է հայտարարություն, որը վնասում է մեր հարաբերություններին»,- ընդգծել է Իլյա Երկրորդը։

Պատրիարքը հիշել է նաեւ Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի Վրաստան այցն ու նրա հետ զրույցի մանրամասները։ Վրաց եկեղեցու հովվապետի խոսքով՝ նա Գարեգին Երկրորդին ասել է, որ Հայաստանից ՄԱԿ եւ  միջազգային այլ կազմակերպություններ ուղարկվում են Վրաստանին վերաբերող բացասական նամակներ։ «Ես ասացի նրան, որ նման բան չպետք է լինի։ Մենք չպետք է իրար մասին վատը գրենք։ Վրաստանը չի գրի բացասական ոչինչ միջազգային կազմակերպություններին։ Այնպես որ՝ հավատում եմ ձեզ, որ հասկանում եք մեր մտերմության նշանակությունը։ Երբ լավ էր Վրաստանի համար, լավ էր նաեւ Հայաստանի համար եւ հակառակը, երբ վատ էր Վրաստանի համար, վատ էր եւ Հայաստանի համար։ Ուստի մենք պետք է պահպանենք մեր հարաբերությունները։ Ցանկանում եմ ասել, որ Վրաստանում ապրող հայերը լավ են դա հասկանում, եւ ես երախտապարտ եմ նրանց դա հասկանալու եւ ուշադրության համար»,- Վրաստանի կաթողիկոս պատրիարքի խոսքերն է մեջբերում apsny.ge- ն։

Իր հերթին հանդիպմանը ներկա վիրահայերը հայտարարել են, որ իրենք Վրաստանի քաղաքացիներ են եւ Վրաստանի ցավը իրենց ցավն է։ Նրանք նշել են, որ Վրաստանը եւ Վրաց ուղղափառ եկեղեցին ըմբռնումով է մոտենում իրենց առանձնահատուկ հարցերին։ Նաեւ հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով բոլոր խնդիրները կհաղթահարվեն։

Ցուցադրել ավելի
Back to top button