ԿարևորՔաղաքական

Ազդակներ Թուրքիային եւ միջազգային հանրությանը

 Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր» 

Ակնկալել, որ ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի նախագահի ունեցած ելույթում տեղ գտած ազդակները ընկալելի կլինեն ամբողջ լսարանի համար՝ սխալ կլինի: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Նա նկատել է, որ ընկալման համար պետք է հետաքրքրվածություն: «Ես չեմ կարծում, որ, օրինակ, այնտեղ նստած Զիմբաբվեի ներկայացուցիչը հետաքրքրված լիներ մեր տարածաշրջանով: Եթե մենք խոսում ենք ելույթի ազդակների եւ դրանց տեղ հասնելու մասին, բնականաբար, պետք է նկատի ունենանք այս հարթությունների բաժանվածությունը»,-նշել է վերլուծաբանը՝ շեշտելով, որ մեր տարածաշրջանի եւ այստեղ շահեր ունեցողների համար ազդակները շատ հստակ էին, ուստի՝ դրանց եւ ազդեցությունը, եւ տեղ հասնելը պիտի լիներ ամբողջական: Վերլուծաբանն անդրադարձել է այն հիմնական ազդակներին, որոնք նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցվել են ՄԱԿ-ի բարձր ամբիոնից: 

ՄԱԿ-ում նախագահի Սարգսյանի ելույթում ԼՂ-ին վերաբերող հատվածը, վերլուծաբան Կարեն Բեքարյանի գնահատմամբ, ինչ-որ իմաստով Սոչիում հնչեցված հռետորական հարցադրման շարունակությունն էր՝ ի պատասխան Ադրբեջանի շահարկում-կեղծիքների, թե՝ Հայաստանը չի կատարում ԼՂ-ի մասով ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւերը: «Սոչիում տրված հռետորական հարցի փակագծերը հիմա բավականին լայն բացվեցին: Անգամ՝ բանաձեւ առ բանաձեւ նշելով, թե ինչը Ադրբեջանը չի կատարել»:

Ադրբեջանի կողմից պատճառահետեւանքային կապի խախտմամբ ներկայացվող էլեմենտները եւս մեկ անգամ ի ցույց դրվեցին, որոնք անտեղյակ լսարանի համար հաճախ է Ադրբեջանը շահարկում՝ փորձելով դիվիդենտներ շահել բանակցային գործընթացում: Վաղուց ժամանակն էր Ադրբեջանի այդ թմբկահարության շուրջ բոլոր շեշտադրումները հստակեցնելու, դիրքորոշումը հստակ ներկայացնելոււ, ինչը, վերլուծաբան Կարեն Բեքարյանի համոզմամբ, կատարվեց ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի ամբիոնից: ԼՂ հակամարտության հետ կապված բանախոսն առանձնացրեց նաեւ նախագահի ելույթի երկրորդ կարեւոր բաղադրիչը:

«Շատ հստակ ձեւակերպվում է նաեւ Մինսկի խմբի արդեն իսկ պրոֆեսիոնալ վիճակը կարգավորման գործընթացում եւ Ադրբեջանի ՝ բանակցային ձեւաչափը փոխելու ջանքերի մոտիվացիան. տանելու այնպիսի մի տեղ, որ այդ վայ-վանկարկումների՝ միայն ու միայն տարածքային ամբողջականության խնդրի շահարկումների վրա հնարավոր կլինի ինչ-որ արագ արդյունքների հասնել: Սա նույնպես դրվեց հիմքում»:

Եւս մեկ անգամ ի չիք դարձավ Ադրբեջանի՝ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու ձգտումը: Կարեն Բեքարյանը նկատեց, որ նախագահի ելույթում մատնանշվեց մահմեդական երկրների բավականին լայն շրջանակ, որոնց հետ Հայաստանն ունի բարեկամական կապեր ու սերտ համագործակցություն:

Թուրքիային եւ Հայոց ցեղասպանությանն առնչվող շեշտադրումների մասին: վերլուծաբան Կարեն Բեքարյանը նախ նկատեց, որ բոլորովին այլ բան է, երբ ամենաբարձր ամբիոնից անվանական շնորհակալություն ուղղվեց բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդ ճանաչումը, ցեղասպանության հետեւանքների վերացումը միայն բարոյական ու քաղաքական խնդիր չէ, այլ առաջին հերթին անվտանգության հարց է ու ոչ միայն Հայաստանի համար՝ սա եւս մեկ անգամ հիշեցվեց միջազգային հանրությանը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին առնչվող անհարկի զիջումների պարագայում միայն Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելուն. «Գրողի ծոցին վավերացնեք»,-ժողովրդական արտահայտությամբ հակադարձել էր մեր երկրի ղեկավարը: Վերլուծաբան Կարեն Բեքարյանի գնահատմամբ՝ նախագահի ելույթի տվյալ հատվածում նախ հստակ ազդակ էր տրված առաջին հերթին Թուրքիային, բացի այդ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացում ուղղակի կամ անուղղակի ներգրավված միջնորդներին:

«ԱՄՆ-ն կար այդ միջնորդի դերում, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ ներկայացուցիչը: Ֆորմալ անունը դրվեց, որ միջնորդը Շվեյցարիան է, բայց այդ բոլորը գործընթացի թիկունքին էին կանգնած եւ Թուրքիայի՝ արձանագրությունները չվավերացնելը կամ գործընթացին այդպես ցինիկ վերաբերվելը միայն Հայաստանին ուղղված ապտակ չէ, դա ապտակ է՝ ուղղված ետեւում այդ բոլոր կանգնածներին»:

Մենք ապրել ենք առանց այդ արձանագրությունների՝ անկախ նրանից, որ ունեցել ենք բարի կամք նախաձեռնելու նման գործընթաց եւ, բնականաբար, չի կարող որեւէ բան պահանջելու իրավունք չունեցողի կողմից անարդարացի, անընդունելի գին պահանջվել: Սա էր հստակ դրված ասելիքը՝ նկատեց վերլուծաբանը: Կարեն Բեքարյանի գնահատմամբ՝ արձանագրությունները ետ կանչելու ավելի կոշտ տարբերակ կարող էր օգտագործվել, սակայն՝ կա դիվանագիտական էթիկայի կանոնների խնդիր: Նա չի բացառում, որ այս հարցում Թուրքիայի կողմից, երկերեսանի կեցվածքից բացի, տեղաշարժ չլինելու դեպքում՝ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու խնդիր դրվի:

Բեքարյանը կարեւորեց նաեւ ՄԱԿ-ի ամբիոնից Արաբական աշխարհում եւ  Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին նախագահ Սարգսյանի  անդրադարձը, ինչպես նաեւ՝ եզդիների խնդրի մասին կատարած շեշտադրումը:

Որքանով էին ՄԱԿ-ի ամբիոնից հղված ազդակներն ընկալելի: Եվրոպական ինտեգրացիա կազմակերպության նախագահի գնահատմամբ՝ մեր տարածաշրջանով հետաքրքրվածների եւ այստեղ շահեր ունեցողների համար դրանք շատ հստակ էին, ուստի, վերլուծաբանի ձեւակերպմամբ, դրանց ե՛ւ ազդեցությունը, ե՛ւ տեղ հասնելը պիտի լինեն ամբողջական այդ երկրների եւ նրանց հանրությունների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button