Հասարակություն

Վաճառքի կետերում շարունակում է սպառողների առողջության համար վնասակար մթերք վաճառվել

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայ սպառողների հայ պաշտպաններն ահազանգում են՝ հայաստանյան վաճառքի կետերում շարունակում է սպառողների առողջության համար վնասակար մթերք վաճառվել: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողներին է փոխանցել իրենց դիտարկումների մտահոգիչ արդյունքները՝ խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվող աղցանները, կիսաֆաբրիկատները եւ հրուշակեղենը կասկածելի ծագում, որակ ու պահպանման ժամկետ ունեն: Մասնավորապես, աղցանների վրա դրանց բաղադրության, պատրաստման ու պահպանման ժամկետերի մասին որեւէ նշագրում չկա: Այս վիճակը կոնկրետ ու լուրջ քայլեր է պահանջում. շեշտել է Մելիտա Հակոբյանը:

Սպառողների շահերի ոտնահարումները սպառողների շահերի պաշտպաններին դրդում են արդեն հստակ պահանջով Հայաստանի կառավարությանը դիմել: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հայտարարում է՝ հայաստանյան սուպերմարկետներում և տարբեր խանութներում վաճառվող բազմապիսի աղցանների վրա պատրաստման որեւէ ժամկետ չի նշվում, ինչն անթույլատրելի է. ժամկետանց աղցանը խիստ վտանգավոր հետեւանք կարող է ունենալ առողջության համար: «Այսօր որևէ սուպերմարկետում չեք տեսնի աղցան, որի վրա նշված լինի պատրաստման և պիտանելիության ժամկետը: Աղցանի պահպանման ժամկետը սառնարանային պայմաններում անգամ առավելագույնը 24 ժամ է, այնինչ վաճառվող աղցանների վրա ժամկետ այդպես էլ չի նշվում»-ասում է Հակոբյանը:

Դիտարկումները բացահայտել են բազմաթիվ սուպերմարկետների խորամանկ գործելաոճը՝ հին աղցանները նորի հետ խառնելու եղանակը: Շատ աղցաններ կծու են լինում, ինչը գնորդը հասկանում է միայն ճաշակելիս: Բոլոր ատադրողներին եւ վաճառքի կետերին պետք է պարտադրվի աղցանների վրա նշել պատրաստման ժամկետը և բաղադրությունը՝ ավելորդ խնդիրներից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Հենց այս պահանջով սպառողների շահերի պաշտպանները պատրաստվում դիմել կառավարությանը:

«Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ ցանկացած, անգամ ամենահարուստ եւ ուժեղ օլիգարխը կարող է սնանկանալ սպառողի՝ մի փոքր իր շահերը պաշտպանելուց: Եթե սպառողը որեւէ ակցիա կազմակերպի ու հայտարարի, որ այս ապրանքն այս կամ այն թերությունների պատճառով չենք գնում»:

Նմանօրինակ խնդիրները շատ են նաև հրուշակեղենի պարագայում: Սուպերմարկետներում և խանութներում վաճառվող հրուշակեղենի մեծ մասի վրա բացակայում է  պիտանելիության և արտադրության ժամկետի վերաբերյալ որեւէ մակնշում: Համատարած վաճառվում են անհայտ ծագման տորթեր, խմորեղեն, քաղցրավենիք, որոնց արտադրողը լիցենզիա էլ չունի: Սպառողների ասոցիացիայի նախագահը պատմում է՝ իրենք հրուշակեղենի մի տեսակին առնչվող բողոք են ստացել, գնացել արտադրողների նշած հասցեով, սակայն նրանց այդպես էլ չեն գտել. արտադրության վայրի վերաբերյալ  տրամադրված տվյալները կեղծ են եղել: Խիստ կասկածելի է նաեւ կիլոգրամով ստացված ու որոշ քանակով կշռված եւ փաթեթավորված հրուշակեղենի որակն ու քաշը: Արդյոք ճիշտ քաշ է նշված տվյալ քանակի վրա, ու արդյոք դրանք դեռ պիտանի են օգտագործման: Սրանք հարցեր են, որոնց լուծումը օրենսդրական ակտերով պետք է տրվի. վստահ են սպառողների շահերի պաշտպանները:

Ցուցադրել ավելի
Back to top button