Մշակույթ

Սեպտեմբերի 26-ին կմեկնարկի «Կոմիտասյան օրեր» փառատոնը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր» 

Մշակույթի նախարարության  2014 թվականի  ծրագրերում  Կոմիտասի ծննդյան  145-ամյա հոբելյանի նշումն ու   կոմիտասյան ժառանգության  հանրահռչակումը տարվա գերակա  ուղղությունն է: Այդ կապակցությամբ նախարարությունն իրականացրել ու   իրականացնում է   բազմաբնույթ միջոցառումներ : Հոբելյանը նշանավորող  հիմնական մշակութային միջոցառումը սեպտեմբերի  26- հոկտեմբերի 8-ը  կայանալիք  «Կոմիտասյան օրեր»  փառատոնն է, որի շրջանակներում  Կոմիտասի ժառանգությունը կներկայացվի իր բոլոր  շերտերով՝ երգչախմբային, վոկալ  և ղաշնամուրային երաժշտության  5 համերգներով: Փառատոնի կազմակերպիչներն են  Կամերային երաժշտության ազգային և  Հայ հոգևոր երաժշտության  կենտրոնները: Մշակույթի նախարարաությունում տեղի ունեցած մումուլի ասուլիսում այսօր ներկայացվել են հոբելյանական տարվա կարևորագույն միջոցառումները, մասնավորապես  «Կոմիտասյան օրեր» փառատոնը:

Կոմիտասի 145-ամյակին նվիրված հոբեկլյանական միջոցառումների  մեկնարկը  կարելի է համարել 2012 թվականը, երբ հանրապետության նախագահի  նախաձեռնությամբ  և  «Փյունիկ» հիմնադրամի  ֆինանսավորմամբ հիմք դրվեց  Կոմիտասի  թանգարան-ինստիտուտի կառուցմանը: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի տեղեկացմամբ, թանգարանի բացումը տեղի կունենա տարեվերջին

«Այն իրենից ներկայացնելու է կոմիտասյան ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման շատ լուրջ գիտահետազոտական կենտրոն: Այս թանգարանի բացմամբ տարեվերջին կամփոփվեն հոբելյանական միջոցառումները»:

Կոմիտասյան ժառանգության ուսումնասիրություն և հանրահռչակում, մշակութային տարվա գերակայություն հռչակված այս նպատակին են ծառայում 2014-ին տպագրված  Գևորգ Գյոդակյանի  «Կոմիտաս»  գիտական ուսումնասիրությունը ՝ անգլերեն թարգմանությամբ, ընթացքի մեջ է Արթուր Շահնազարյանի Կոմիտասին նվիրված  գիտահանրամատչելի  վեպի ստեղծումը: Մինչև տարեվերջ  «SONY» ձայնագրման ստուդիայում կտպագրվի նաև «Կոմիտաս» անթոլոգիան, որը պարունակում է  Կոմիտասի ողջ  ստեղծագործական ժառանգությունը՝ Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդում» պահպանված  և  ժամանակակից կոլեկտիվների  ձայնագրություննեով, մուլտիմեդիա  սկավառակով: 2014-ին  հոբելյանը նշանավորվել է  նաև  երաժշտական նախագծերով, գարնանն անցկացվեց «Երգող Հայաստան» մանկապատանեկան  երգչախմբերի 7 — րդ հանրապետական մրցույթը, որի շրջանակներում  300 տպաքանակով հրատարակվել ու Հայաստանի ու Արցախի դպրոցներին է հանձնվել  Կոմիտասի «Մանկական  խմբերգեր» ժողովածուն: Հոբելյանը նշանավորող  առանցքային   մշակութային միջոցառումը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք «Կոմիտասյան օրեր» փառատոնն է:

Հայաստանի  պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար  Ռոբերտ Մլքեյանն այսօր առաջարկեց փառատոնը դարձնել ամենամյա, ինչը  հնարավորություն կտա տարվա մեջ գոնե մեկ անգամ Կոմիտասի արվեստը  վայելել ոչ թե մշակումների տեսքով, այլ բնագրով:  Իսկ Երևանի պետական կամերային  երգչախմբի  գեղարվեստական  ղեկավար Հարություն Թոփիկյանը կոնկրետ ակնկալիք ունի այս  փառատոնից, թախծոտ ու եղեռնի խորհրդանիշ դարձած  Կոմիտասի փոխարեն բացահայտել մեր ազգային արվեստի ամենալուսավոր հանճարին:

Ցուցադրել ավելի
Back to top button