Պենտեկոստեն ու քրեական հեղինակությունները.Սեւակ Հովհաննիսյանի նոր բացահայտումները


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Աղանդներ, որոնք օրեց օր ավելանում են Հայաստանում և լուրջ վտանգ սպառնում մեր հասարակությանը: Ոմանք էլ չհասկանալով հարցի լրջությունը, շատ անգամ գայթակղվում են առաջարկներով ու հայտնվում ծուղակում:Այս անգամ Միացյալ երիտասարդական լիգան ահազանգ է ստացել Պենտեկոստե աղանդից տուժածից, ումից քրեական հեղինակություն վայելողները փորձել են շորթել գումարներ: Լիգան նաև հայտնաբերել է նոր աղանդ՝ «Նոր ուղի» անվանմամբ, որն էլ մարդկանց քարոզում է ինքնասպանության փորձեր կատարել:
Մոտ երեք օր առաջ Գորիսի քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող քրեական հեղինակություն վայելող Արթուրը՝ մականունը Չոփ, փորձել է աղանդավորական հողի վրա Պենտեկոստե աղանդի նախկին հետևորդից շորթել 40 հազար դոլար գումար: Արթուրն ինքն էլ Պենտեկոստե աղանդի անդամներից է և Միացյալ երիտասարդական լիգայի ղեկավար Սևակ Հովհաննիսյանի խոսքով, փորձել է ի կատար ածել աղանդի ղեկավարության պատվերը: Տուժածի ընտանիքը գտնվում է Միացյալ նահանգներում, քույրը՝ Հայաստանում, ով էլ այս հարցով դիմել է լիգային: Տուժածին ԱՄՆ-ում նույնիսկ ահաբեկել են:
Միացյալ երիտասարդական լիգայի ղեկավար Սևակ Հովհաննիսյանն անձամբ է խոսել Արթուրի հետ, ով էլ սկզբում հերքել է իր կապն այդ ընտանիքի հետ, իսկ հետո ահաբեկել Սևակ Հովհաննիսյանին՝ առաջարկելով չխանգարել քունը: Միացյալ երիտասարադական լիգան բազմիցս է բարձրաձայնել այս աղանդից տուժածների խնդիրների մասին և Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ իրեն լռեցնելու համար առարջակել են 10 հազարչժ դոլար, որից էլ ինքը բնականաբար հրաժարվել է:
Հիշեցնենք, որ Պենտեկոստեն Հայաստանում գործում է մոտ 20 տարի: Հիմնական հավաքատեղին էլ «Էրեբունի» վարչական շրջանում է: Աղանդի ղեկավարը Նինել Մովսիսյանն է: Աղանդը քարոզում է հոգեգալստականություն: Եվ ահա Հայաստանում հայտնաբերվել է ևս նոր աղանդ՝ « Նոր ուղի» անվանմամբ: Աղանդը Հայաստան է ներթափանցել Ուկրաինայից, քարոզն էլ ինքնասպանությունն է, իսկ տուժածներն էլ շոու բիզնեսում հայտնի մարդիկ են, ում անունները դեռևս Սևակ Հովհաննիսյանը խուսափեց բարձրաձայնել: Միայն նշեց, որ վերջիններիս կանայք ինքնասպանության փորձեր են կատարել: Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ աղանդի պարագլուխներից է «Պարի՛ր թե կարող ես» նախագծի մասնակիցներից Մարի Հովհաննիսյանը, ով մարդկանց հոգեորսությամբ ներգրավում է աղանդի շարքեր և քարոզում ինքնասպանություն:
« Ինքը հանդիսանալով «Պարի՛ր թե կարող ես» նախագծի մասնակիցներից , ունի նաև պարային ակումբ, որտեղ որ սկսում է իր հոգեվորսույթւոնը: Հավաքների ժամանակ միայն խոսում են ինքնասպանությունից, որ պետք է ինքնասպանություն գործեն, որ նոր ուղի գնան, մաքրվեն: Մեր աչքի առաջ մի կին փորձել է համակարգչի էկրանը ջարդել գլխին»:
«Ռադիոլուրը» զրուցեց Մարի Հովհաննիսյանի հետ, ով էլ, լսելով նման մեղադրանքի մասին, միանգամից արձագանքեց, պատժվելու է նա, ով իրեն մեղադրում է իրականությանը չհամապատասխանող երևույթի մեջ:
«Նման բան գոյություն չունի, երբևիցե չի եղել: Ես երբևիցե չեմ առնչվել աղանդավորական ընկերությունների հետ: Ես չեմ ճանաչում Սևակ Հովհաննիսյանն ով է, ինչ է ներկայացնում իրենից և ովքեր են այդ երգիչ երգչուհիները, որոնց ես հորդորում եմ գնալ նման բանի: Եվ ես խոստանում եմ, որ Սևակ Հովհաննիսյանին զրկելու եմ նման մեղադրանք իմ դեմ առանց փաստերի ներկայացնելու համար: Ես ինքնս այնքան պահպանողական մարդ եմ, որ ես եմ նրանց հորդորում հեռու մնալ աղանդավորներից, ուր մնաց նման քայլի հորդորեմ»:
Մարի Հովհաննիսյանը պատրաստվում է դատական գործ հարուցել Սևակ Հովհաննիսյանի և առհասարակ այն մարդկան ց դեմ, ովքեր մեղադրում են իրեն այս հարցում: Դեռևս անհայտ է թե աղանդն ինչքան ժամանակ է, որ գործում է Հայաստանում, սակայն հայտնի է, որ հավաքներին արդեն մասնակցում են մոտ 40 հետևորդներ: