Հասարակություն

Պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարարությունում նախօրեին անց է կացվել ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվել են վերանայման գործընթացի երկրորդ փուլի արդյունքները և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական պլանավորման նկատառումները:

Պլանավորման նկատառումներում մատնանշվել են պետության զինված պաշտպանության կազմակերպման այնպիսի նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչպիսիք են «Խելամիտ պաշտպանությունը» և «Առաջադրանքով հրամանատրումը»: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում այս և այլ նորարարական լուծումների կյանքի կոչումը թույլ կտա փոքր ուժերով մեծ խնդիրների կատարմանն ունակ ստորաբաժանումների միջոցով վարել տարատեղված և ապակենտրոնացված գործողություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության համար վճռական մոտեցումների ևս մեկ կարևոր ուղղություն է լինելու զինվորական էթիկայի նորմերի, կառավարման մշակույթի զարգացումը և բարեվարքության ամրապնդումը: Այս նախաձեռնություններն ուղղված կլինեն զինված ուժերում բարեփոխումների տեսլականը զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության և զինվորականների սոցիալական խմբերում փոխհարաբերությունների նոր մոդելների վրա խարսխելուն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագությամբ անցկացված նիստին մասնակցել են ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:

Նիստի ավարտին ազդարարվել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի 3-րդ փուլի մեկնարկը, որի ընթացքում մշակվելու և սահմանվելու են պաշտպանության գործում շահառու մարմինների դերերն ու առաջադրանքները և զինված ուժերի խնդիրները:

Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. ավարտը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button